Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Մատենադարանում կայացել է ուխտ Բանանցի Ծեր ու Պահապան Ավետարանին

Մատենադարանում կայացել է ուխտ Բանանցի Ծեր ու Պահապան Ավետարանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում  նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ուխտագնացություն Բանանցի Ծեր ու Պահապան Ավետարանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բանանցի Ծեր ու Պահապան Ավետարանը տեսնելու և  ուխտի էին եկել «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության անդամներ, Գարդման գավառի Բանանց գյուղից 1980-ականների վերջին բռնի տեղահանված բնակիչներ։  

Մատենադարանի փոխտնօրեն  Վահե Թորոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս Ավետարանը համարվում է  ամբողջապես պահպանված հնագույն ավետարաններից մեկը և այդ իմաստով չափազանց կարևորություն ունի։ Դատելով ուսումնասիրություններից՝ ենթադրվում է, որ այն կարող է ստեղծված լինել 7-րդ դարում։

Ըստ մեր զրուցակցի՝ հայտնի չէ նաև ձեռագրի ստեղծման վայրը։ Այն ժամանակին պահվել է Հավուց Թառի վանքում, իսկ  16-րդ դարից սկսած՝  Բանանց գյուղում, որտեղ  այն կոչել են «Ծեր» կամ «Պահապան» Ավետարան։ Այնուհետև Ավետարանը նվիրաբերվել է Վեհափառ Հայրապետ Վազգեն Ա կաթողիկոսին, իսկ նա նվիրել է Մատենադարանին։

Հնությամբ պայմանավորված՝ հենց այս ձեռագիրն է ընտրվել որպես ՀՀ նախագահների երդմնակալության արարողության ժամանակ կիրառվող Ավետարան։

««Բանանցի Ծեր» Ավետարանը Մատենադարանի և ընդհանրապես հայ ձեռագրական հավաքածուների գլխավոր զարդերից մեկն է՝ իբրև հնագույն ամբողջական ավետարան։ Նրա նշանակությունն իր զորությամբ չափազանց մեծ է»,-ընդգծեց Թորոսյանը՝ հավելելով, որ առաջին անգամ ուխտագնացությունը կազմակերպվել է 2019 թվականին, որին հաջորդած դեպքերը՝ մասնավորապես 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու վերջին իրադարձությունները կարևոր նշանակություն են հաղորդել այս ավանդույթին։

Ուխտի եկածները  շնորհակալություն հայտնեցին Մատենադարանի տնօրինությանը իրենց կորսված գյուղի մասունք համարվող Ավետարանը տեսնելու և այս հնարավորությունն ընձեռելու համար։

Ուխտն ամփոփվել է Ավետարանին մասնակիցների ձեռնադրմամբ և խոնարհումով։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am