Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Սիրողական բռնցքամարտում ինքս ինձ ապացուցելու բան ունեմ. Նարեկ Մանասյան

Սիրողական բռնցքամարտում ինքս ինձ ապացուցելու բան ունեմ. Նարեկ 
Մանասյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտը, որը ոչ միայն Օլիմպիական խաղերի ամենահին մարզաձևերից է, այլ նաև ամենամասսայականներից մեկը Հայաստանում, այսօր էլ մեծ սպորտին տալիս է նոր անուններ, որոնք մեծ ապագա են խոստանում: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար անցնող 2023 թվականը դրական կարելի է համարել: Ընտրանու կազմում իր արդյունքներով առանձնացավ նաև 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն, ով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը  նվաճեց և դարձավ Եվրոպայի գավաթակիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանասյանն ամփոփել է անցնող տարին և խոսել առաջիկա անելիքներից:

GEV_7642.jpg (676 KB)

-Նարեկ, եկեք սկսենք ամենասկզբից: Ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը բռնցքամարտում:

-Մինչ ես կսկսեի հետաքրքրվել բռնցքամարտով, պապիկս էր հետևում այս մարզաձևին: Մեր տանը սպորտը միշտ էլ առօրյայի մաս է եղել: Իսկ ինձ բռնցքամարտի տարել է հայրս: Ի սկզբանե այնպես չէր, որ ցանկությունս մեծ էր բռնցքամարտիկ դառնալու: Մարզվում էի զուտ ինքս ինձ համար: Առաջին մեդալս նվաճեցի Հայաստանի պատանիների առաջնությունում և դրանից հետո էր, որ հասկացա` կարող եմ բռնցքամարտով ինչ-որ բանի հասնել: Այդ ամենը 2009 թվականին էր: Հայաստանի այդ առաջնությունն էր, որ ճակատագրական եղավ ինձ համար:

-Երբ պատանեկան տարիքում էիք, ամենահեռանկարային մարզիկներից էիք: Բայց  եկավ մի պահ, որ պարզապես չկայիք տեսադաշտում: Ինչո՞ւ ձեզ չտեսանք այդ մի քանի տարիներին:

-Ամեն ինչի պատճառը վնասվածքներն էին, որոնք հաջորդում էին միմյանց: Նախ մի ձեռքս, հետո` մյուսը: Մինչ բուժում էի մի ձեռքս, գալիս էր մյուսի ժամանակը: Վիրահատություններից մեկի ժամանակ վնասել էին նյարդս, հետո մեկնեցի Գերմանիա հերթական վիրահատությանը ու այսպես շարունակ: Մի պահ նույնիսկ հասել էինք այն իրավիճակին, որ հնարավոր էր առհասարակ հեռանայի բռնցքամարտից:

-Տպավորություն է, որ այդ ամենից հետո մնացել եք բռնցքամարտում, քանի որ ինքներդ ձեզ ապացուցելու բան ունեք:

-Այո, սիրողական բռնցքամարտում ինքս ինձ ապացուցելու բան ունեմ: Մի ժամանակահատված նույնիսկ հեռուստացույցով չէի ցանկանում հետևել բռնցքամարտին: Բայց ներքուստ գիտեի, որ կարող եմ ինչ-որ բան անել: Նույնիսկ հեռուն նայելով ասեմ, որ ուզում եմ ուժերս փորձել նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

-Անցնող 2023 թվականը դրական տարի էր Ձեզ համար` աշխարհի առաջնության բրոնզ, Եվրոպայի գավաթի ոսկե մեդալներ: Ինքներդ ձեզ համար ամփոփելով անցնող տարին՝ ի՞նչ կասեք:

-Եթե անկեղծ, աշխարհի առաջնության մեկնարկից 2 ամիս առաջ վնասվածք ունեի և տարբեր կարծիքներ էի լսում, թե չեմ կարողանա հաջողության հասնել կամ էլ, գուցե, կստացվի: Կարծում եմ, որ աշխարհի առաջնությունից առաջ քիչ մարզումներն էին, որ ինձ ստիպեցին կարոտել ռինգին, ինչն էլ օգնեց բրոնզե մեդալակիր դառնալ: Եվրոպական խաղերին, սակայն, չհասցրեցի մի մրցաշարից դուրս գալ և ամբողջապես մտնել մյուսի մեջ: Իսկ ինչ վերաբերում է Եվրոպայի գավաթին, ապա ամեն ինչ հրաշալի ընթացք ունեցավ:

-Բոլորս մեր մասնագիտության մեջ մի հղկված կողմ ունենք` մեր հաղթաթուղթն ունենք: Ո՞րն է ձերը:

-Որպես այդպիսին չունեմ հաղթաթուղթ: Բայց ինձ ուժ է տալիս այն, որ հիշում եմ դժվար մարզումային գործընթացը, որը նախորդում է ռինգ դուրս գալուն: Դժվարը ոչ թե ռինգի մի քանի րոպեն է, այլ այդ նախապատրաստական փուլը: Այն համառությունը, որը դնում ենք մարզումներին, դրա համար եմ ափսոսում:

-Նարեկ, ո՞րն է բռնցքամարտի գեղեցկությունը:

-Գուցե, այն աշխատանքը, որ մենք տանում ենք մարզադահլիճում: Կամ այն մարզումները, որոնք անցկացնում ենք: Բայց ինձ համար գեղեցկության մի մաս է մինչև ռինգ հասնելու ճանապարհը, ուղին` հանդերձասրահից մինչև ռինգ: Բռնցքամարտի գեղեցկությունը ռինգում ունեցած այն վայրկյաններն են, որոնց ընթացքում պետք է որոշում կայացնես:

-Թեև Ձեր դեպքում ամեն ինչ առջևում է, բայց գալու է մի օր, որ թողնեք մեծ  սպորտը: Ինչպե՞ս կցանկանաք, որ Ձեզ հիշեն:

-Դժվարանում եմ ասել․ երևի այնպիսին, ինչպիսին հիմա եմ: 

-Եվ ի՞նչ նպատակներ կան առաջիկայի համար:

-Հունվարին ունենք Հայաստանի առաջնություն, որից հետո նպատակս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է: Բոլոր մարզիկների երազանք է մասնակցել Օլիմպիական խաղերին: Թեպետ, պատանեկան խաղերին մասնակցել եմ, բայց նպատակը Փարիզի խաղերն են:

-Նարեկ, շնորհակալ եմ անմիջական զրույցի համար: 

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]