Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայ գիտնականի գյուտը միջազգային ցուցահանդես-մրցույթում արժանացել է ոսկե սերտիֆիկատի

Հայ գիտնականի գյուտը միջազգային ցուցահանդես-մրցույթում արժանացել է ոսկե 
սերտիֆիկատի

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բետոնի պատրաստման նոր եղանակը նոր խոսք է շինարարության բնագավառում, որը հետաքրքիր և տնտեսապես շահավետ լուծումների հնարավորություն է ստեղծում շինարարների համար։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) (ՇԱՏԿ) ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդգես Գրիգորյանի այս գյուտը  IFIA NV կարգավիճակ ունեցող  գյուտարարների երրորդ միջազգային ցուցահանդես-մրցույթում  արժանացել է ոսկե սերտիֆիկատի։

«Այս գյուտի էությունն առանց ավազի բետոնի պատրաստման եղանակն է, որի արդյունքում ստացվում է  նոր տեսակի թեթև բետոն, որն ունի ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ հատկություններ։ Ըստ էության, բետոնախառնիչի թմբուկի պտտման ժամանակ խճի թույլ ծայրերը վեր են ածվում ավազի․ որքան երկար ժամանակ պտտվի թմբուկը, այդքան ավազը կավելանա՝ ի հաշիվ խճի մակերևույթի մաշեցման։ Պտտման ընթացքում առաջացած փոշեմասնիկները փակում են խճի մակերևույթի վրայի ծակոտիները՝ պահպանելով ներսի ծակոտիների բնականոն վիճակը: Այս տեսակի բետոնը օգտագործվում է մասնավորապես շենքի արտաքին պատերի կոնստրուկցիաներում»,-պարզաբանել է գյուտի հեղինակ Վարդգես Գրիգորյանը։

Հայ գիտնականի մտքի արգասիքը կարող է կիրառական լինել ոչ միայն Հայասատանի, այլև աշխարհի շինարարների կողմից, քանի որ էներգիայի խնայողության հարցը գերխնդիր է դարձել անգամ զարգացած երկրներում։ Շինարարների գնահատմամբ՝ շենքերի ջերմամեկուսացման  առաջնահերթ խնդրի լուծման համար այս բետոնի կիրառությունը  բավականին արդյունավետ հնարավորություններ կստեղծի՝ կրճատելով ջերմային կորուստներ:

FIAI կողմից կազմակերպված IFIA NV կարգավիճակ  ունեցող  գյուտարարների երրորդ միջազգային գյուտերի և նորարարությունների մրցույթը կայացել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ առցանց  եղանակով։

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում օրերս կայացած նույն միջազգային մրցույթում պարզ է դարձել, որ ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորի կողմից դեռևս  2000-ականներին ստեղծած «Երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստումը շաղախի մղման եղանակով» գյուտը, որը գործնականում կիրառվել է երկրաշարժի գոտում վնասված շենքերի վերականգման  ու նաև երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստման համար,  արժանացել է արծաթե մեդալի։

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանը՝ ի դեմս ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, 2023թ-ի գարնանը անդամակցել է IFIA-ին՝ որպես լիիրավ անդամ։

«IFIA-ի հայաստանյան ներկայացուցչությունն արդեն իսկ ստացել է մի շարք գիտական առաջարկներ, որոնք ուսումնասիրության փուլում են։ Ըստ ամենայնի՝ այս կազմակերպությունը կարող է դառնալ  ամուր հարթակ հայաստանյան  գիտական ներուժի  զարգացման համար։

Գիտության զարգացումը և համալսարանում գիտահետազոտական աշխատանքների ակտիվացումը ՃՇՀԱՀ-ի ռազմավարական  ուղղություններից մեկն է և գտնվում է համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուշադրության կենտրոնում։ Այդ նպատակով անընդմեջ արդիականացվում են լաբորատոր սարքավորումները, ընդլայնվում են  համագործակցությունները՝ նոր կապեր հաստատելով  միջազգային գիտական մտքի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am