Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են 
կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի մարդկային ռեսուրսների զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Միխայիլ Ռուտկովսկիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին, Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին երկարատև, շարունակական և արդյունավետ համագործակցության համար: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթական համակարգում գրանցվող հաջողությունները համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք են:

«Նախորդ տարի հաստատվել է ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի պետական ծրագիրը, և այժմ ակտիվ բարեփոխումների փուլում ենք կրթական բոլոր մակարդակներում: Սա, իհարկե, մեծ ծավալի աշխատանք է ենթադրում, որտեղ փորձագիտական աջակցությունը շատ կարևոր է: Համաշխարհային բանկի հետ արդեն իսկ մեծ աշխատանք ենք իրականացրել նաև հանրակրթության պետական նոր չափորոշչի փորձարկման և ներդրման տեսանկյունից: Ուրախ եմ մեր շարունակական համագործակցության առիթով: Մեր բարեփոխումների մեծ օրակարգին միանում է նաև բարձրագույն կրթության ոլորտը, որտեղ ևս բազում անելիքներ կան»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ներկայացնելով ՀՀ կրթական համակարգի առջև ծառացած հիմնական խնդիրները՝ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 30 հազար աշակերտների և ուսանողների կրթական իրավունքի ապահովմանն առնչվող հարցերին՝ նշելով, որ երեխաների ներգրավումը կրթական հաստատություններում  պետության ուշադրության  ներքո է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ակադեմիական քաղաքի ձևավորման ծրագրին:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս ուղղություններով մեծ ծավալի բովանդակային և ենթակառուցվածքային աշխատանք պետք է իրականացվի, որտեղ միջազգային գործընկերների աջակցությունը նշանակալի դերակատարություն կունենա:

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի մարդկային ռեսուրսների զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Միխայիլ Ռուտկովսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ բարդ և դժվարին այս ժամանակներում Հայաստանը շարունակում է կրթական բարեփոխումները:

«Մարդկային կապիտալի զարգացումը ՀԲ առաջնահերթություններից է: Վստահ ենք՝ կրթական ոլորտի բարեփոխումներն ուղղակիորեն կնպաստեն երկրի ընդհանուր զարգացմանը»,- ասել է Ռուտկովսկին՝ վերահաստատելով Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ շարունակական աջակցության և օժանդակության տրամադրման հարցում:

Միխայիլ Ռուտկովսկին բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը կրթական ոլորտի բարեփոխումների, Հանրակրթության պետական նոր չափորոշչի փորձարկման ու ներդրման համատեքստում՝ ընդգծելով, որ արդյունքները բավականին տպավորիչ են:

Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքները: Դիտարկումը ցույց է տվել, որ Տավուշում, որտեղ առաջինն է ներդրվել հանրակրթության պետական չափորոշիչը, նկատելի է կրթության որակի առաջընթաց: Ըստ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների՝ վերլուծությունը փաստում է, որ հանրակրթության պետական չափորոշչի ամբողջական ներդրումը կրթության որակի բարելավման տեսանկյունից դրական արդյունք կապահովի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հետագա հեռանկարներն ու հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am