Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայաստանի հավաքականի «հաղթաթուղթը» կարող է լինել նվիրվածությունը խաղին. Ժիրայր Մարգարյան

Հայաստանի հավաքականի «հաղթաթուղթը» կարող է լինել նվիրվածությունը 
խաղին. Ժիրայր Մարգարյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը առաջիկայում վերջին երկու խաղով եզրափակի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Ինչպիսի՞ տեսք կունենա մրցաշարային աղյուսակը՝ ցույց կտա ժամանակը, սակայն ազգային թիմը իր մեծ երազանքի ճանապարհին չպետք է կանգ առնի:

Հայկական ֆուտբոլում իրենց ջանասեր աշխատանքով առանձնացող ֆուտբոլիստերը քիչ են, ոմանք իրենց ճանապարհին հանդիպած բարդությունների պատճառով հանձնվում են, ոմանք` նոր ուժ ստանում: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ավագ, Հայաստանի ազգային թիմի անդամ Ժիրայր Մարգարյանի անցած ճանապարհը հեշտերից չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարգարյանն ամփոփեց մինչ այս իր անցած ուղին, խոսեց հավաքականից և առաջիկա պլաններից: Մարգարյանի հետ մեր հանդիպումը կայացավ իր համար հարազատ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում:   

GEV_9617.jpg (723 KB)

-Ժիրայր, ինչպե՞ս է սկսվել Ձեր ֆուտբոլային ճանապարհը:

-Ֆուտբոլային ճանապարհը սկսել եմ հայրիկիս հետ: Նա ինձ իր հետ տանում էր ֆուտբոլային հանդիպումների, ազգային հավաքականի խաղերին էլ էինք գնում միասին: Եվ միասին էլ որոշեցինք, որ պետք է ֆուտբոլով զբաղվեմ: Եվ հենց այդ տարիքում` 6-7 տարեկանում էլ հիշում եմ ինձ ֆուտբոլում: Եվ շատ լավ եմ հիշում մարզումային առաջին օրը, որ հայրիկիս հետ եկանք, սակայն մարդ չէր հավաքվել և ստիպված էինք հետ գնալ տուն:

-Ձեր անցած ճանապարհին նայելիս՝ այն հեշտ չես որակի. «Բանանց», «Շիրակ», «Արարատ», «Վերես», «Ուրարտու»: Ի՞նչ են ձեզ տվել այս ակումբները:

-Ճիշտ է, կարիերաս շատ դժվար է եղել և, գուցե, դրա շնորհիվ է, որ այժմ խաղում եմ բարձրագույն խմբում: «Բանանց»-ն ինձ ֆուտբոլային կրթություն տված ակումբն է, «Շիրակ»-ը` բարձրագույն խմբում խաղալու հնարավորություն տվածը, «Արարատ»-ի կազմում ամրապնդվեցի բարձրագույն խմբում և ինչ-որ տեղ նաև հնարավորություն ունեցա արտերկրում հանդես գալու: «Վերես»-ում էլ չստացվեց պատերազմի պատճառով: Իսկ «Ուրարտու» վերադարձա՝ որպես կայացած ֆուտբոլիստ: Իսկ ակումբներին ես տվել եմ իմ առավելագույնը:  

-Դուք ափսոսանքո՞վ եք հիշում Ուկրաինա տեղափոխվելն ու դրան հաջորդած իրադարձությունները:

-Եթե անկեղծ՝ հետ չեմ նայում, բայց ափսոսանք կա այն առումով, որ իմ կարիերան դրական զարգացում կարող էր ունենալ:

-Իսկ արտերկրում  խաղալու ցանկություն դեռևս առկա՞ է:

-Իհարկե, իմ կարծիքով ամեն մի հայ ֆուտբոլիստ ցանկություն ունի ուրիշ` ավելի լավ առաջնությունում հանդես գալ և ցուցադրել իրեն:

-Իսկ ո՞րն է լավ առաջնությունը՝ ըստ Ձեզ:

-Կարծում եմ այն, որը ինչ-որ չափով տարբերվում է Հայաստանի առաջնությունից, որն ավելի բարձրակարգ է: Սակայն այժմ Հայաստանի առաջնությունն էլ աճ է գրանցել և գնալով ավելի ուժեղ առաջնություն է դառնում:

-Խոսքը թոփ 5 լիգաների մասի՞ն է:

-Իմ կարծիքով՝ եթե մնայի «Վերես»-ում, առավել մոտ կլինեի, եթե ոչ թոփ 5 լիգաներին, ապա եվրոպական բարձրակարգ առաջնություններին:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

-Գալով Հայաստանի առաջնությանը` «Ուրարտու»-ն երկրի գործող չեմպիոնն է: Ի՞նչ խնդիր ունեք ձեր առջև դրված այս մրցաշրջանի համար, թեպետ դեռևս մրցաշրջանի կեսն եք անցնել:

-Այո, միայն մրցաշրջանի առաջին հատվածում ենք դեռ, բայց մենք մեր առջև չեմպիոնությունը պահպանելու խնդիր ունենք դրած: Բոլորս ենք հասկանում, որ պետք է պահպանել չեմպիոնությունը: Բայց գիտենք նաև, որ հեշտ չի լինելու, և այդ ամենի մասին  խոսում է առաջնության ընթացքը: Մենք ամեն ինչ անելու ենք իրավիճակը շտկելու և նորից մրցաշարային աղյուսակում բարձրանալու համար:

-Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն  առանձնակի նշանակություն  ունի  յուրաքանչյուր անդամի համար: Նախ, ըստ Ձեզ, ինչպիսի՞ խաղ ցուցադրեց  ազգային  ընտրանին Եվրոպայի առաջնության այս ընտրական փուլում:

-Եթե հարցը վերաբերում է հավաքականի վերջին երկու պարտություններին, ապա չեմ կարող ասել, որ մեկնարկային երկու հաղթանակներից հետո ազգային թիմը «վերևներում» էր: Յուրաքանչյուր խաղի պետք է նվիրվել ամբողջությամբ, որ կարողանաս լավ արդյունքի հասնել: Ճիշտը խոսելով` մենք այն հավաքականը չենք, որը, չնվիրվելով խաղին 100 տոկոսով, ունակ է հաղթել: Խոսքերիս ապացույցը Լատվիայի դեմ հանդիպումն էր, որտեղ մի պահ կենտրոնացվածությունը կորցրեցինք և պատժվեցինք: Բայց դեռևս փոքր հնարավորություն ունենք այս մրցափուլում: Վստահ եմ, որ առաջիկա երկու խաղերում ամեն ինչ անելու ենք հաղթանակի ձգտելու համար:

-Իսկ ի՞նչը կարող է դառնալ Հայաստանի հավաքականի «հաղթաթուղթը»:

-Հայաստանի հավաքականի «հաղթաթուղթը» կարող է լինել նվիրվածությունը խաղին:

-Կցանկանայի լսել Ձեր կարծիքը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մասին: Ինչպիսի՞ փիլիսոփայության կրող է նա:

-Պետրակովն իր օրինակով է մեզ ցույց տալիս, թե ինչպիսի մարզիչ է նա: Իզուր չէ, որ նա Ուկրաինայի Մ-19 տարեկանների հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն: Նրա գալով` մենք առավել վստահ ենք գործում:

-Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կեզրափակի Ուելսի և Խորվաթիայի դեմ խաղերով: Ի՞նչ է մեզ պետք այդ խաղերում, ի՞նչ ունեք ապացուցել ինքներդ ձեզ և երկրպագուներին:

-Վստահ եմ, որ ամեն կերպ ձգտելու ենք ցույց տալ, որ թույլ թիմ չենք: Մտնելու ենք դաշտ և սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ ենք խաղալու:

-Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

-Դժվարանում եմ անմիջապես պատասխանել: Բայց մանկուց էլ շատ եմ սիրել Զինեդին Զիդանին: Սակայն տարիների հետ նաև նախապատվությունս տալիս եմ Ռոնալդուին: Բայց այժմ բոլորին գերազանցում է Լիոնել Մեսին:

-Իսկ ո՞րն է բոլոր ժամանակների լավագույն թիմը:

-Առանց երկրորդ պատասխանի` Մադրիդի «Ռեալ»-ը:

- Սպորտում հաջողության հասնելու տարբերակները երկուսն  են` կամ դու տաղանդավոր ես, կամ աշխատասեր ես: Ըստ Ձեզ՝ ո՞րն է մարզիկների հաջողության գաղտնիքը, ո՞րն է «ոսկե միջինը»:

-Եթե անկեղծ, պետք է գտնել «ոսկե միջինը», ինչը, գուցե ինձ հաջողվել է: Առավել փոքր տարիքում կարելի էր ինձ տաղանդավոր համարել, բայց տարիների ընթացքում քիչ թե շատ կորցրեցի այն: Հիմա հստակ գիտակցում եմ, որ ամեն ինչի կարելի է հասնել աշխատասիրությամբ:

-Եթե ունենայիք բացառիկ մեկ հնարավորություն ընտրելու բոլոր ժամանակների 3  լավագույն ֆուտբոլիստներին, որոնց հետ կխաղայիք մեկ թիմում, ո՞ւմ կընտրեիք:

-Զինեդին Զիդան, Սերխիո Ռամոս և Ռոնալդու:

 

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am