Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Ինդոնեզիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Ինդոնեզիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանում 
խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նոյեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Ինդոնեզիայի Հանրապետության դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահին (նստավայրը՝ ք․Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ը ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր պարտականությունների ստանձման կապակցությամբ և հաջող ու արդյունավետ գործունեություն մաղթել հայ-ինդոնեզական կապերի ամրապնդման գործում։

Նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանության պատճառով ստեղծված իրավիճակը։ Մնացական Սաֆարյանը նաև ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման, առևտրատնտեսական կապերի խթանման, ինչպես նաև գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում առկա փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am