Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր 2023

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվեց ստեղծարար տեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիա

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվեց  ստեղծարար տեխնոլոգիաների 
ժամանակակից լաբորատորիա

ԳՅՈՒՄՐԻ, 15  ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում նոյեմբերի 15-ին բացվեց ստեղծարար տեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ լաբորատորիան հիմնվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Կոկա-Կոլա» ընկերության համագործակցությամբ իրականացվող «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի շրջանակներում։

Շիրակի մարզի երիտասարդները, ստեղծարար տեխնոլոգիաներով հետաքրքրվողները հնարավորություն կունենան աշխատելու թվային արվեստի, անիմացիաների և մուլտիմեդիա նախագծերի շուրջ, մասնակցելու տեխնոլոգիական հեքըթոնների, սեմինարների և աշխատարանների։ Լաբորատորիան կխթանի խաղային ոլորտի զարգացմանը՝ ընթացք տալով վիրտուալ իրականության խաղերին (VR)։

«Կարևորելով ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում մրցունակ աշխատուժի զարգացումը և նոր ենթակառուցվածքների ստեղծումը՝ Վանաձորում, Գյումրիում և Երևանում շուրջ 6 ամիս անցկացված դասընթացների 60-ից ավելի մասնակիցներ կներկայացնեն իրենց ստեղծած համակարգչային խաղերը։ 16 թիմ մասնագիտական ժյուրիին կներկայացնեն իրենց մշակած խաղերը, ապա կընտրվեն լավագույն թիմերը, որոնք կարժանանան համապատասխան դրամական պարգևների»,-տեղեկացրեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում Գյումրու տեխնոլոգիական կենտրոն ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։

««Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ռազմավարական դիրքավորումը խաղային տեխնոլոգիաների ոլորտում, որպես տեղեկատվական տեխնոլոգիաների կարևոր ուղղություններից մեկը, ընդգծում է մեր հանձնառությունը խթանելու նորարարությունը և մարզերում նոր աշխատատեղերի ձևավորումը»,-նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Մոտ 3 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում արդեն տեսախաղերի օգտատեր է, և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կենտրոնացումն այս ոլորտում համընկնում է տեխնոլոգիական առաջընթացը խթանելու իր առաքելությանը:

Ծրագրի շրջանակներում 14-ամյա Նարե  Թովմասյանը  ընկերների հետ ստեղծել է իրենց խաղը՝ նպատակ ունի իր թիմի հետ Հայաստանում զարգացնելու խաղային ինդուստրիան: Իր ու ընկերուհիների ստեղծած խաղը Սասնա Ծռերի մասին  է, սակայն նրանց ստեղծած խաղում գլխավոր հերոսուհին Ծովինարն է. ամբողջ Սասունի ուժը Ծովինարի թալիսմանի մեջ է: Խալիֆն էլ գողանում է այդ թալիսմանը ու թաքցնում Եգիպտոսի բուրգերում՝ խաղացողների հիմնական նպատակը այդ թալիսմանը գտնելն է:

387502225_891789289230377_6172886768882476470_n.jpg (246 KB)

«Բոլորս աղջիկներ  ենք ու դա է հավանաբար պատճառը, որ գլխավոր հերոսի փոխարեն մեզ մոտ հերոսուհի է: Հաջորդ տարվանից խաղը տարածում կգնի, իսկ մինչ այդ պատրաստ ենք փորձարկել խաղն ու անհրաժեշտության դեպքում փոփոխություններ անել»,-պատմում է Նարեն՝  փաստելով, որ խաղի հիմնանպատակը նաև աշխարհին հայկական էպոսին ծանոթացնելն է:       

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]