Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Podcast-Հարց բժշկին. Քաղցկեղը հաճախ զարգանում է առանց ախտանշանների, պարբերաբար հետազոտվելու միջոցով հնարավոր է այն վաղ հայտնաբերել

Podcast-Հարց բժշկին. Քաղցկեղը հաճախ զարգանում է առանց ախտանշանների, 
պարբերաբար հետազոտվելու միջոցով հնարավոր է այն վաղ հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին նկատվում է քաղցկեղով հիվանդացությունների թվի աճ: Այն դարձել է մարդկության համար չարիք, բայց բոլորս գիտենք, որ շատ դեպքերում վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս կյանքեր փրկել: Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, շատ դեպքերում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել է տալիս բավական ուշ փուլերում, երբ կա դրա լայն տարածում, ախտահարված են նաև այլ օրգաններ:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության  բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-վիրաբույժ Հմայակ Եփրեմյանը, խոսելով ստամոքս-աղիքային համակարգի օրգանների քաղցկեղներից, նշեց, որ, իհարկե, տարբեր տեղակայության քաղցկեղի դեպքում գանգատները կարող են տարբեր լինել: Այդ իսկ պատճառով մասնագետը կրկին հորդորեց, որ գանգատներ ունենալու դեպքում պարտադիր պետք է  դիմել բժշկի, հետազոտվել, բացահայտել առողջական խնդիրները  և զբաղվել դրանց բուժմամբ:

Մասնագետը նշեց, որ ստամոքս-աղիքային համակարգի օրգանների քաղցկեղը տարբեր երկրներում հիվանդացության տարբեր տոկոս է կազմում, Հայաստանում տղամարդկանց շրջանում այն զբաղեցնում է հիվանդացության երրորդ տեղը, իսկ կանանց շրջանում՝ չորրորդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղները:

«Ցավոք, վերջին տարիներին հիվանդացության թվի աճ կա, և կա ավելի ցավոտ մի փաստ՝ այն ավելի երիտասարդացել է․ եթե առաջ այն սովորաբար հանդիպում էր ավելի մեծ տարիքում, ապա այժմ այն սկսել է շատ դրսևորվել նաև երիտասարդների մոտ: Հիվանդության տարածվածության, երիտասարդացման հակումը և միտումը պայմանավորված է մի շարք գործոններով՝ սթրես, կյանքի որակի պայմաններ, սեփական առողջությանը չհետևելու բարձր տոկոս, ուշ դիմելիություն և այլն:

Հիվանդության առաջացման ռիսկի գործոններից առաջին տեղում  ժառանգականության գործոնն է, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ իր գեների մեջ ունի նախատրամադրվածություն, և այդ գեների դրսևորման համար պետք են ինչ-որ արտաքին ազդակներ: Մեծ դեր ունեն նաև նախաքաղցկեղային հիվանդությունները, օրինակ՝ ստամոքսի բարորակ պոլիպները, որոնցից շատերը հակում ունեն տարիների ընթացքում որոշակի ազդակների ազդեցությամբ վերածվելու չարորակ ուռուցքների: Այս շարքին կարելի է դասել նաև ստամոքս-աղիքային խրոնիկ հիվանդությունները և այլն»,-ասաց Եփրեմյանը:

Անդրադառնալով  հիվանդության հիմնական ախտանշաններին՝ մասնագետն ընդգծեց, որ կան, իհարկե,  ընդհանուր  ախտանշաններ, բայց պարտադիր չէ, որ դրանք քաղցկեղի ահազանգ լինեն:

«Ախտանշաններից են ընդհանուր թուլությունը, քաշի կորուստը, ախորժակի անկումը, ինչպես նաև համապատասխան օրգանին  ավելի բնորոշ գանգատները, որոնց դեպքում պետք է լինել հետևողական և դիմել մասնագետի»,- ասաց ուռուցքաբան-վիրաբույժը:

Հիվանդության առաջացման, բուժման և կանխարգելման մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

 Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]