Իրանը հերքել է Իսրայելի մեղադրանքները Կարմիր ծովում նավի գրավմանն իր առնչության մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանն արձագանքել է Իսրայելի մեղադրանքներին Կարմիր Ծովում Galaxy Leader նավի գրավմանն իր առնչության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանը որևէ մասնակցություն չի ունեցել դրան։
«Այդ մեղադրանքներն անհիմն են։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ տարածաշրջանում դիմադրության ուժերն․․․ իրենք են որոշումներ կայացնում և գործում՝ հիմնվելով իրենց ժողովուրդների շահերի վրա», - Քանաանիի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Իսրայելը չի կարողանում ընդունել «իր ռազմավարական պարտությունը Գազայի իշխանություններին և փորձում է իր խայտառակ պարտությանն արդարացում գտնել՝ մեղադրելով Իրանին»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Եմենի հութի ապստամբները հայտարարել են, թե Կարմիր ծովի հարավում իրենց վերահսկողության տակ են վերցրել բեռնանավ, որը, նրանց պնդմամբ, իսրայելական է։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե նավն իսրայելական չէ, այլ ճապոնական, իսկ այդ հարձակումն «ուղղորդվել է Իրանի կողմից»։
Իր հերթին, Տոկիոն հաստատել է, որ բեռնանավը շահագործվում է ճապոնական ընկերության կողմից։ Ճապոնիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ երկիրը խստորեն դատապարտում է հութի ապստամբների կողմից նավի գրավումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում