«Քեզ համար Հայաստան». նոյեմբերի 23-ին տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար հրատապ կարիքները լուծելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոյեմբերի 23-ին ժամը 22:00-ին կիրականացնի ամենամյա հեռուստամարաթոնը` «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո:
«Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր որդեգրած սահմանամերձ համայնքների զարգացման և Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու առաքելությունը։ Հումանիտար հրատապ կարիքները լուծելու նպատակով Հիմնադրամը կազմակերպում է ամենամյա հեռուստամարաթոնը` «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո։
Կենտրոնանալով սահմանամերձ համայնքների կենսունակության բարձրացման և տեղահանված ընտանիքների համար արժանապատիվ կյանքի ապահովման վրա՝ Հիմնադրամը առաջնահերթություն կտա կենսապայմանների բարելավմանն ուղղված նախաձեռնություններին: Հրատապ աջակցության հետ, հիմնադրամը նախատեսում է իրականացնել միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որոնք նախատեսված են հատկապես գյուղական վայրերում բնակություն հաստատած տեղահանված ընտանիքների համար:
Ձեր մասնակցությունն ու ներդրումը զգալի փոփոխություններ կբերեն մեր հայրենակիցների կյանքում։ Միացե՛ք և նվիրաբերե՛ք հիմա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում