Սևանում, Ճամբարակում ու Վարդենյաց լեռնանցքում իրականացվել են ճանապարհների ձնամաքրման ու մշակման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևանի ու Ճամբարակի տարածաշրջաններում ու Վարդենյաց լեռնանցքում նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ձյուն է տեղացել, ինչի պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանսպորտային երթևեկության համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Գևորգ Խաչատրյանը, Ճամբարակում, Սևանում և Վարդենյաց լեռնանցքում ձյան բարձրությունը կազմել է 10 սանտիմետր։
«Ողջ գիշերվա ընթացքում ճանապարհաշինարարները ձյան մաքրման ու մշակման աշխատանքներ են իրականացրել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներին՝ ապահովելով դրանց անցանելիությունը։ Իսկ մարզի մյուս տարածաշրջաններում ձյուն չի տեղացել։ Այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան»,-հավաստեց Գևորգ Խաչատրյանը։
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում