Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Մեկնարկել է Ոստիկանական գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթի քննարկումների շարքը

Մեկնարկել է Ոստիկանական գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենսդրական 
փաթեթի քննարկումների շարքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 21-ին անցկացվել է «Ոստիկանության գվարդիայի մասին օրենքին և հարակից իրավական ակտերին» նվիրված բազմաշահառու քննարկում, որին մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ազգային փորձագետներ, պետական մարմինների և դատական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային այլ մասնագետներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին սերտ և երկարատև համագործակցության, նաև Ծրագրի շրջանակում Ոստիկանական գվարդայի օրենքին հատուկ ուշադրություն դարձնելու համար, ինչը թե՛ օրենսդրության ընդունման, թե՛ պրակտիկ փոփոխությունների իրականացման տեսանկյունից նախանշում է օրենքի հաջող ընթացքը։

«Արփինե Սարգսյանն առանձնացրել է երեք առանցքային ուղղությունների՝ Ոստիկանական գվարդիայի կարգավիճակի, լիազորությունների նախանշման և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։

Նա անդրադարձել է Ոստիկանական գվարդիայի մասին օրենքում նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառման նոր գլխին, ինչը սահմանում է ունիվերսալ կարգավորումներ ոստիկանի կողմից հարկադրանքի, այդ թվում՝ ուժի կիրառման կամ զենքի գործադրման տեսանկյունից։

Խոսելով հավաքների ազատության իրավունքի իրացման մասին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ այդ տեսանկյունից թե՛ ոստիկանների կողմից լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմի, թե՛ նաև քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացման տեսանկյունից անհրաժեշտ երաշխիքների հստակ բալանսավորում է պետք, որը հետագայում երկու կողմից էլ կբացառի տարբեր խախտումների ռիսկերը։
Նա շնորհակալություն է հայտնել նաև փորձագետներին՝ եվրոպական լավագույն փորձը ներդնելու, մի շարք չափանիշներ ֆիլտրելու և դրանք Ոստիկանական գվարդիայի մասին օրենքի շրջանակում ներկայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարությանը և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։ Նա ընդգծել է հանդիպման կարևորությունը, ինչը հնարավորություն է տալիս միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել և մշակել միջազգային չափանիշներին առավել համապատասխան «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենք։

Խոսելով Ծրագրի շրջանակներում անցկացվող բարեփոխումների մասին՝ նա առանձնացրել է հատկապես հավաքների ազատության և այլ իրավունքների ապահովումը, նաև Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող փորձագիտական աջակցությունը, համապատասխան կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են ապագա օրենքի ընդհանուր դրույթները, Ոստիկանական գվարդիայի լիազորությունները, մասնավորապես՝ հարկադրանքի կիրառման, ուժային միջոցների գործադրման առանձնահատկությունները, անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքները։

Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետներ Հրայր Ղուկասյանն ու Նինա Փիրումյանն անդրադարձել են նաև ոստիկանության կողմից ուժի կիրառման հետ կապված դատական երաշխիքներին, Ոստիկանական գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստության և վերապատրաստումների հարցերին։

Հանդիպման ավարտին, Ոստիկանության գվարդիայի կարգավիճակի և գործունեության առանձնահատկությունները սահմանող օրենքի հիմնադրույթներից բացի, քննարկվել են հարակից իրավական ակտեր։

Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում։ Այն ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում:
Սա քննարկումների շարքի առաջին միջոցառումն էր։ Նոյեմբերի 23-ին տեղի կունենա քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իսկ նոյեմբերի 30-ին՝ ՀՀ Աժ պատգամավորների հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]