Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Սպորտում կանանց ներգրավվածության բարձրացումը ռազմավարական խնդիր է. ԿԳՄՍ նախարարը՝ ֆուտբոլի «Ուրարտու» աղջիկների թիմերին

Սպորտում կանանց ներգրավվածության բարձրացումը ռազմավարական խնդիր է. 
ԿԳՄՍ նախարարը՝ ֆուտբոլի «Ուրարտու» աղջիկների թիմերին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 28-ին այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ, ծանոթացել ակումբի ենթակառուցվածքներին, պատանի և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև հանդիպել «Ուրարտուի» կանանց թիմերի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, «Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցն ու ակումբի այլ ներկայացուցիչներ:

«Ուրարտուի» կանանց թիմերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը նախևառաջ կարևորել է մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար նախընտրած մարզաձևով զբաղվելու հնարավորությունը՝ անկախ տարիքից և սեռից:

«Այն, որ զբաղվում եք ձեր սիրած մարզաձևով՝ տվյալ դեպքում ֆուտբոլով, նշանակում է՝ արդեն հաղթող եք. կարողացել եք կոտրել կարծրատիպերն ու ձեր երազանքների հետևից գնալու քաջություն և համառություն ունեցել: Սա, հավատացեք, շատ գովելի է»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարն ու հետագա հաջողություններ մաղթել ֆուտբոլիստուհիներին:

Ըստ աղբյուրի՝ «Ուրարտուի» պատանի և երիտասարդ ֆուտբոլիստուհիները Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ընթացքում մի շարք հարցեր են բարձրաձայնել,  մասնավորապես, Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման հեռանկարների, տարբեր մարզաձևերում բարձր արդյունքներ գրանցած մարզիկների խրախուսման համար գործող պետական ծրագրերի, դպրոցներում և բուհերում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի և այլ հարցերի վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ սպորտում կանանց ներգրավվածության բարձրացումը ռազմավարական խնդիր է. «Կարծում եմ՝ պետք է շատ լուրջ զբաղվել կանանց ֆուտբոլով և խրախուսել մեր աղջիկներին՝ զբաղվելու ֆուտբոլով: Սա միայն սպորտի խնդիր չէ. ֆուտբոլով զբաղվելը փոխում է մարդու կյանքը, զարգացնում առաջնորդական այնպիսի հատկանիշներ, որոնք մեր բոլոր աղջիկներն էլ ունեն, սակայն երբեմն անհրաժեշտ են պայմաններ ու միջավայր՝ դրանք գիտակցելու համար: Կարծում եմ՝ կանանց ֆուտբոլը նաև բավականին հեռանկարային ուղղություն է, և պետությունը պետք է մտածի դրա զարգացման ուղղությամբ: Ի դեպ, ֆուտբոլի զարգացման ռազմավարության մեջ դա առանձին ուղղություն է: Ներկայում մշակվում է սպորտի ռազմավարությունը, որտեղ հատուկ շեշտադրում կա կանանց ներգրավվածությունը մեծացնելու վերաբերյալ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ ՀՀ կառավարությունը նախորդ տարի պետական բյուջեից նշանակալի միջոցներ է հատկացրել Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Ըստ այդմ՝ նախատեսվում է Երևան քաղաքում, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կառուցել ֆուտբոլի 4 դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով, որտեղ կլինեն նաև անհրաժեշտ պայմաններ՝ աղջիկների մասնակցության համար:

Անդրադառնալով ՀՀ դպրոցներում «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդմանը՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ հանրակրթական պետական նոր չափորոշչով այդ առարկայի զարգացմանը տրվում է շատ մեծ նշանակություն:

«Կառավարությունը մեծ թափով դպրոցաշինության աշխատանքներ է իրականացնում, և մենք առանձին ծրագիր ունենք՝ կապված դպրոցների մարզադահլիճների կառուցման կամ վերակառուցման հետ: Այս պահին շուրջ 30 դպրոցներում մարզադահլիճների կառուցման և վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Սա մեզ համար առաջնահերթություն է: Տրամադրում ենք նաև նոր գույք և փորձում բացօթյա մարզահրապարակ ունենալ, որտեղ հնարավոր կլինի նաև ֆուտբոլ խաղալ: Ցանկանում ենք, որ դպրոցներում երեխաները նաև մարզաձևերի վերաբերյալ պատկերացում կազմեն: Տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների հետ այժմ մշակվում և ներդրվում են ծրագրեր, ինչը հնարավորություն կտա կոնկրետ մարզաձևին ուղղված ֆիզկուլտուրայի դասեր անցկացնել: Վարդենիսում, օրինակ, ավագ դասարաններում ֆիզկուլտուրայի ժամին հենց ֆուտբոլ են անցնում: Կան մարզեր, որտեղ ժայռամագլցման կամ դահուկավազքի դասեր են կազմակերպվում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ առկա է խաղային մարզաձևերի զարգացման լուրջ խնդիր:

ՀՀ ԿԳՄՍ նածարարության տեղեկացմամբ՝ պատասխանելով բուհերում առողջ ապրելակերպի և սպորտի զարգացման մասին հարցին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սպորտի ռազմավարության մեջ համալսարանական սպորտի զարգացումն ամրագրված է որպես առանձին նպատակ, ինչը նախևառաջ ենթակառուցվածքների բարելավում է ենթադրում: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ Ակադեմիական քաղաքում նախատեսվում է ունենալ թե՛ ազգային մարզադաշտ, թե՛ առանձին սպորտային ենթակառուցվածքներ՝ սպորտը բուհերում խրախուսելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից սպորտին տրամադրվող ֆինանսական աջակցությանը, մասնավորապես՝ բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների միանվագ պարգևատրումների համար հատկացումների կրկնապատկմանը, ամսական անվանական թոշակներին և ցկյանս պատվովճարներին:

«Ուրարտու» այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը շրջել է նաև ակումբի թանգարանում, որտեղ Ժաննա Անդրեասյանին են ներկայացվել ակումբի պատմությունն ու նշանակալի ձեռքբերումները, անդրադարձ է կատարվել թիմի նվաճումներին, բարձր արդյունքներ ցույց տված ֆուտբոլիստներին, ինչպես նաև «Ուրարտուի» անվան հետ կապ ունեցող անվանի և լեգենդար մարզիկներին: Թանգարանը բացվել է 2022 թվականին՝ ակումբի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]