Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Հայ Առաքելական եկեղեցին հիշատակել է հայոց առաջին լուսավորիչների տոնը. Գարեգին 2-րդը Սուրբ Գեղարդով օրհնել է ժողովրդին

Հայ Առաքելական եկեղեցին հիշատակել է հայոց առաջին լուսավորիչների տոնը. 
Գարեգին 2-րդը Սուրբ Գեղարդով օրհնել է ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 2-ին հիշատակել է  հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  օրվա կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և բազմաթիվ ուխտավորներ:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուռ-մկրտարան է բերել աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնելով ուխտավոր հայորդիներին։

Հայր Մովսեսն ընդգծել է, որ առաքյալների տոնը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ մեր սերն ու հավատարմությունը վերահաստատելու և հայրերի ու վարդապետների թողած ժառանգությանն ու բարոյական արժեքներին հավատարիմ մնալու ուխտի օր է։

Վերջում Հայր Սուրբը հորդորել է հավատացյալներին՝ աղոթքով հայցել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդողիմեոս առաքյալների բարեխոսությունը հայ ազգի համար, որպեսզի Աստված առաքելական հավատքի մեջ զորացնի ու պահպանի հայ ժողովրդին և աստվածամուխ Սուրբ Գեղարդը շարունակի հրաշագործել հայոց կյանքում՝ ի պայծառություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայրենիքի։

Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով և Սուրբ Գեղարդով օրհնել է ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն է ընձեռվել երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մատուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]