Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

ՀՀ ՄԻՊ-ը 2023-ին ընտանիքում կանանց նկատմամբ բռնության 67 ահազանգ է ստացել. կանանց իրավունքների հարցերով ՀԽ նիստում

ՀՀ ՄԻՊ-ը 2023-ին ընտանիքում կանանց նկատմամբ բռնության 67 ահազանգ է 
ստացել. կանանց իրավունքների հարցերով ՀԽ նիստում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի դեկտեմբերի 5-ին անցկացված նիստը նվիրվել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» միջազգային քարոզարշավին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։

Նա արձանագրել է, որ գենդերային հիմքով բռնությունը և ընտանիքում բռնությունը բռնության առանձնահատուկ տեսակներ են, հետևաբար՝ դրանց հասցեավորումն ու պայքարը ևս ենթադրում են առանձնահատուկ մեթոդաբանություն: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել ոչ խտրական և հանդուրժող միջավայր և հասարակություն ձևավորելու ուղղությամբ: 

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կանանց նկատմամբ և ընտանիքում բռնության դեպքերի առնչությամբ բողոքներ մշտապես են ստացվում: 2023 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԻՊ աշխատակազմում ստացվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 78 գրավոր և բանավոր դիմում-բողոք, որից 67-ի դեպքում բռնության են ենթարկվել իգական սեռի ներկայացուցիչները»,- բացման խոսքում ասել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի են։ Այս խնդիրների հասցեավորման ու լուծման գործում կարևորելով Խորհրդի դերը` Անահիտ Մանասյանը նշել է, որ այն յուրօրինակ կամուրջ է պետության և քաղաքացիական հասարակության միջև:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը: Նրանք ևս կարևորել են Խորհրդի դերը կանանց իրավազորման, նրանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման գործում։

Նիստի շրջանակում անցկացվել են քննարկումներ՝ «Ընտանիքում բռնության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակը. արձանագրված խնդիրներն ու արդի մարտահրավերները» և «Սեռական ոտնձգությունն աշխատավայրում և ուսումնական հաստատություններում» թեմաներով: Մասնավորապես՝ նշվել են ընտանիքում բռնության և գենդերային հիմքով բռնության, սեռական ոտնձգության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ոլորտային բացերն ու հասարակությունում առկա կարծրատիպերը, անդրադարձ է կատարվել միջազգային իրավական կառուցակարգերին ու կարգավորումներին: 

Նշվում է, որ, ամփոփելով միջոցառումը, Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Խորհրդի անդամներին և միջոցառման մասնակիցներին ակտիվ մասնակցության համար՝ նախանշելով Խորհրդի հետագա գործունեության հիմնական ուղղություներն ու քայլերը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առնթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]