Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Լուսակունքի «Կազովնի» թաղամասում բարելավվել է խմելու ջրի մատակարարման քանակը եւ որակը

Լուսակունքի «Կազովնի» թաղամասում  բարելավվել է խմելու ջրի 
մատակարարման քանակը եւ որակը

ԳԱՎԱՌ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղի «Կազովնի» թաղամասում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատարի արտաքին ցանց, ինչի արդյունքում  բարելավվել է մատակարարվող  ջրի քանակը եւ որակը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Լուսակունքի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 22 միլիոն 800 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվել է կառուցել 1745 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց, որից 610 մետրը՝ մետաղական, 1135 մետրը՝ պոլիէթիլենային խողովակներով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերի 9-ից եւ ավարտվել նույն տարվա հոկտեմբերին։

Աշխատանքներն իրականացրել են «Եղոյան Շին» ՍՊԸ շինարարները։

«Լուսակունքի տվյալ թաղամասի խմելու ջրի մատակարարման  արտաքին ցանցը կառուցվել էր նախորդ դարի 60-70-ական թվականներին, ամբողջովին քայքայվել էր ու կորցրել շահագործման պիտանիությունը։ Շինարարական աշխատանքների ժամանակ, երբ նորով էինք փոխարինում հին ջրատարը, մնում էինք զարմացած, թե մարդիկ ինչպես են օգտվել նման քայքայված վիճակում գտնվող ջրատարից։ Այժմ արդեն այդ թաղամասի մոտ 40 տնտեսություն օգտվում են շուրջօրյա ու որակյալ ջրամատակարարումից»,-հավաստեց «Եղոյան Շին» ՍՊԸ ինժեներ Սողոմոն Ղարիբյանը։

«Լուսակունքի «Կազովնի» թաղամասի համար չափազանց կարեւոր ու պահանջված ծրագիր իրականացվեց, քանի որ խմելու ջրատարի նախկին արտաքին ցանցը հիմնովին քայքայված էր, տնտեսությունները ստանում էին շատ քիչ քանակի ու անորակ ջուր։ Հիմա բոլորովին բարվոք իրավիճակ ունենք։ Բացի այդ, այս թաղամասում ունենք տնամերձ հողամասեր, որտեղ ապագայում կբնակեցվեն նոր ընտանիքներով։ Հույս ունենք, որ եկող տարի նորակառույց այս ջրատարը կշարունակվի եւս 500-600 մետրով, ինչի արդյունքում Լուսակունքի եւս մի քանի թաղամասերում հիմնովին կկարգավորվի խմելու ջրի մատակարարման խնդիրը»,-ներկայացրեց Լուսակունքի վարչական ղեկավար Հովիկ Պետրոսյանը։

 

Խոսրով Խլղաթյան     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]