Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

ՀՀ և Թունիսի ԱԳՆ-երն 1-ին քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել. դիվանագետների մուտքի արտոնագրի պահանջը վերացվել է

ՀՀ և Թունիսի ԱԳՆ-երն 1-ին քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել. 
դիվանագետների մուտքի արտոնագրի պահանջը վերացվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիս կատարած աշխատանքային այցի (դեկտեմբերի 5-6) շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԹՀ արտաքին գործերի, միգրացիայի և արտերկրում թունիսցիների հարցերով նախարար Նաբիլ Ամմարի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձ է կատարել երկու երկրների միջև առկա հարաբերություններին, ներկայացրել Հարավային Կովկասում առկա իրավիճակը, ինչպես նաև նախարար Ամմարին փոխանցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերը՝ այցելելու Հայաստան։

Ըստ աղբյուրի՝ հաջորդիվ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԹՀ արտաքին գերատեսչության պետական քարտուղար Մունիր Բին Ռջիբայի ղեկավարած պատվիրակությունների միջև անց են կացվել հայ-թունիսական առաջին քաղաքական խորհրդակցությունները։

«Խորհրդակցությունների ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններին։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ խորացնելու համագործակցությունը կրթության, մշակույթի, զբոսաշրջության, քաղաքացիական ավիացիայի, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող խնդիրների։

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու համատեքստում Հայաստանի կառավարության տեսլականը և ձեռնարկվող քայլերը, տարածաշրջանային հաղորդակցությունների խթանմանն ուղղված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ աշխատանքային այցի ընթացքում կողմերի միջև ստորագրվել են Հայաստանի և Թունիսի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրը, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]