Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական նախաճաշին

Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների ոչ 
պաշտոնական նախաճաշին

ԲՐՅՈՒՍԵԼ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաղ առավոտյան մեկնարկեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Խորհրդի նիստի շրջանակներում տրվել է ոչ պաշտոնական նախաճաշ, որին մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։  

«Սա լավ առիթ է ներկայացնելու, թե ինչպիսին է այսօրվա Հայաստանը, ինչ մարտահրավերներ ու նաև հնարավորություններ, ձգտումներ մենք ունենք։  Սա լավ հնարավորություն է ներկայացնելու թե ինչ տեսլական ունենք ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար, խոսելու այն մասին, թե ինչ է մինչ այս պահն արվել Հայաստանի և ԵՄ-ի միջև, ու նաև՝ ինչ պետք է արվի։ Սա նաև լավ առիթ է մեր երախտագիտությունը հայտնելու ԵՄ-ին մեր ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղից փախստականներին, Հարավային Կովկասում խաղաղության և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու համար»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը ոչ պաշտոնական նախաճաշին մասնակցելուց առաջ լրագրողներին տված ճեպազրույցում։

IMG_8788.jpg (2.58 MB)

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը կմեկնարկի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ մտքերի ոչ պաշտոնական փոխանակմամբ։ Նիստի օրակարգում են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի, Իսրայելում և տարածաշրջանում տիրող իրավիճակի և այլ հարցեր։

Նախարար Արարատ Միրզոյանը երեկոյան կմասնակցի ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող ժողովին։ Նախարարները կարծիքներ կփոխանակեն Արևելյան գործընկերության և դրա ձեռքբերումների վերաբերյալ։ Անդրադարձ կլինի նաև, թե ինչպես կարող է ԱլԳ-ն շարունակել ապահովել անդամ երկրների և գործընկեր երկրների կարիքների բավարարումը, որոնք պետք է լինեն 2024 թվականին համատեղ աշխատանքի հիմնական առաջնահերթությունները, և ինչպես արագացնել Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի իրականացումը։  Կքննարկվեն նաև միջոցներն ու ուղիները, թե ինչպես ավելացնել համագործակցությունը այնպիսի տարածաշրջանների հետ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան և Արևմտյան Բալկանները, ինչպես նաև սիներգիաները տարածաշրջանային այլ քաղաքականությունների հետ, ինչպիսին է Սևծովյան սիներգիան:

 

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]