Քաղաքականություն

Խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու․ Գևորգ Պապոյան

2 րոպեի ընթերցում

Խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու․ Գևորգ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը անդրադարձավ ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար ռևանշիզմը բացառող երաշխիքներ են պետք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանը անտրամաբանական է համարում այդ հայտարարությունները։

«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու։ Եթե պետք է ռևանշ լինի, ապա էլ ինչ խաղաղության պայմանագիր։

Պետք է հասկանանք՝ եթե ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ամրապնդվի, տևական և երկար ժամանակ այստեղ պետություն ու պետականություն լինի, անկախություն լինի, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է հարևանների հետ երկխոսության միջոցով, և խաղաղության պայմանագիրը որքան անհրաժեշտ է իրենց, այնքան անհրաժեշտ է մեզ»,- ընդգծեց Պապոյանը։

Պատգամավորը խաղաղության պայմանագրի կնքումից հետո պատկերացնում է Հարավային Կովկասում բոլոր մակարդակներում ինտեգրացիա, տնտեսական հարաբերությունների զարգացում, բարգավաճում, կենսամակարդակի էական ավելացում։

«Մեր պատկերացրած խաղաղությունը նման բան (ռևանշիզմ-խմբ․) չունի»,- ասաց Պապոյանը։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը հայտարարեց, որ ինքը ռևանշի է պատրաստվում, ապա դա Հայաստանի չլինելու ուղիղ ճանապարհ է։

«Եվ կլինեն արտաքին ուժեր, որոնք Հայաստանում կհրահրեն այդպիսի տրամադրություններ և այդպիսի բառապաշար, որովհետև այդ ուժերին պետք չէ, որ Հայաստան լինի։ Ուրիշի ձեռքով շագանակ հանելու քաղաքականությունը շատ տրամաբանական է այդ ուժերի համար։ Եվ մենք չպետք է դառնանք գործիք երրորդ երկրների ձեռքում», -եզրափակեց Պապոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում