Հասարակական

Առանձնապես խոշոր կաշառք ստանալու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սնանկության դատարանի դատավորի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Առանձնապես խոշոր կաշառք ստանալու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սնանկության դատարանի դատավորի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի (Տիգրան Փոլադյան – խմբ.) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե. դատավորին ներկայացվել է մեղադրանք: Դատավորը ձերբակալվել է:

«Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ և 161-րդ հոդվածների հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, հրավիրել է նիստ և բավարարել Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում