Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն արձագանքել է Հռոմի պապին ուղղված՝ Ադրբեջանի նախագահի նամակին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն արձագանքել է 
Հռոմի պապին ուղղված՝ Ադրբեջանի նախագահի նամակին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է Հռոմի պապին ուղղված Ադրբեջանի նախագահի նամակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Սուրբ ծննդյան կապակցությամբ Հռոմի պապին ուղղված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական նամակը ծայրագույն զավեշտ է, որով Ադրբեջանի նախագահը վերստին հաստատում է Ադրբեջանում տիրող պետական և համակարգային երեսպաշտությունը։

Նամակում Ադրբեջանի նախագահն Ադրբեջանը բնութագրում է որպես «մի վայր, որտեղ էթնիկ և կրոնական բազմազանությունը պաշտպանված է որպես ազգային հարստություն, որտեղ բոլոր դավանանքների համար ստեղծված են հավասար պայմաններ, և դա աշխարհում բազմամշակութայնության հասցեներից մեկն է»։ Այս վերամբարձ խոսքերը հնչում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելուց ամիսներ անց, երբ էթնիկ և կրոնական ռասիզմի գերակայության պատճառով ավելի քան 100 հազար մարդ ստիպված եղավ մազապուրծ հեռանալ իր հազարամյա բնօրրանից։

Պարզից էլ պարզ է, որ էթնիկ և կրոնական բազմազանության պաշտպանության մասին քաղաքակիրթ աշխարհի և Ադրբեջանի նախագահի ընկալումներն ու պատկերացումները հիմնավորապես տարբերվում են։ Էթնիկ և կրոնական բազմազանության պաշտպանություն ասելով՝ արդյոք Իլհամ Ալիևը մտաբերո՞ւմ է Հին Ջուղայի գերեզմանատան ոչնչացված խաչքարերը, արդյոք մտաբերո՞ւմ է Բաքվի հայկական եկեղեցին, որի նկատմամբ այժմ էլ իրականացվում է գործառնական և բովանդակային բռնություն, արդյոք մտաբերո՞ւմ է պատմական Գարդմանի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որի կրողները բռնագաղթեցվել են իրենց օրգանական պատմամշակութային միջավայրից։

Պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայկական հետքը անխոչընդոտ ջնջելուց, քրիստոնեական արժեքները բացեիբաց ոտնակոխ անելուց հետո ադրբեջանական՝ էթնոֆոբիայի կործանարար ախտով տառապող հասարակությունը դեռ համարձակություն ունի աշխարհի առաջ խոսելու «միջկրոնական ներդաշնակության», «հոգևոր կրոնական ժառանգության և բազմամշակութային արժեքների պահպանության» մասին։ Ադրբեջանի նախագահը վստահեցնում է, որ «քրիստոնեական հավատքի մեր քաղաքացիները սերտորեն մասնակից են երկրի բոլոր ոլորտներին» այն պարագայում, երբ ոչ միայն քրիստոնյա, այլև այլէթնիկ ազգային փոքրամասնությունները մշտապես կրել են ադրբեջանական դժնդակ ռասիզմի ծանրությունը:

«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միությունն իր խնդրանք-ուղերձն է հղում Հռոմի պապին՝ քննական վերաբերվել ադրբեջանական ձեռնածություններին և քրիստոնեական մշակութային արժեքների պաշտպանության ջանքերի մեկտեղման հորդոր ուղղել աշխարհին։ Նման դժվարին ժամանակներում, երբ ամբողջ Լեռնային Ղարաբաղը հայաթափված է, զրկված իր հազարամյա բնակիչներից, Լեռնային Ղարաբաղի ողջ հայկական մշակութային ժառանգության գլխին դամոկլյան սրի պես կախված է ադրբեջանական էթնոցիդի կենդանի վտանգը։ Մշակութային ժառանգության ոչնչացումը անթույլատրելի հանցանք է ոչ միայն հայության, այլև ողջ աշխարհի նկատմամբ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am