Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ինչ ազդեցություն կունենան Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրությունները ԵՄ կառույցների աշխատանքի վրա․ մեկնաբանում է եվրոպացի փորձագետը

Ինչ ազդեցություն կունենան Եվրոպական խորհրդարանի առաջիկա 
ընտրությունները ԵՄ կառույցների աշխատանքի վրա․ մեկնաբանում է եվրոպացի 
փորձագետը

ԲՐՅՈՒՍԵԼ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի` հունիսի 6-9-ը կայանալիք ընտրություններին ընդառաջ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ վաղաժամ վայր է դնելու մանդատը և մասնակցելու է ընտրություններին։ Ի՞նչ է նշանակում այս որոշումը ԵՄ-ի և հենց Շառլ Միշելի համար, ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ հայ-ադրբեջանական բանակցությունների, ԵՄ կառույցների գործունեության վրա։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը այս և այլ թեմաների մասին զրուցել է Բրյուսելում տեղակայված Եվրոպական քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի (CEPS) ավագ գիտաշխատող, կենտրոնի նախկին տնօրեն Սթիվեն Բլոքմանսի հետ։

-Պարոն Բլոքմանս, Եվրոպայի քաղաքականությունն արմատապես փոխվել է վերջին տասնամյակի ընթացքում՝ ավելի շատ հարելով աջակողմյան գաղափարախոսությանը: Ի՞նչ կանխատեսումներ ունեք 2024 թվականին սպասվող  ընտրությունների վերաբերյալ։  

-2024 թվականի եվրոպական ընտրություններն, ըստ էության, հետագա տեղաշարժ կլինեն դեպի աջ  կենտրոնական և աջակողմյան սպեկտր, ինչպես ազգային, այնպես էլ Եվրոպական Միության մակարդակներում: Նշենք, որ այս տարի ԵՄ անդամ մի քանի երկրներում ընտրություններ են։ Բելգիայում, օրինակ, ընտրությունները Եվրախորհրդարանի ընտրությունների հետ նույն օրն են անցկացվելու, Ավստրիայում դրանք կկայանան մի փոքր ուշ՝ աշնանը: Ես երկու երկրի օրինակ բերեցի, որտեղ երկու ծայրահեղ աջ կուսակցությունները կարող են դառնալ ամենամեծը և, հետևաբար, հիմնական դիրքերում լինել կոալիցիոն կառավարությունների ձևավորման հարցում: Թե որքանով նրանք կկարողանան ազգային մակարդակներում կիրառել իրենց նորահայտ ուժը՝ իրականացնելու ազգայնական անջատողական օրակարգը, մնում է պարզել Բելգիայում: Ավստրիայում դա բավականին արտահայտված է: Սա կարող է ավելի հեռուն գնալ հակամիգրացիոն օրակարգի վրա հիմնվելու միջոցով և ավելի շատ ռուսամետ օրակարգային կետերի շուրջ: Եվրոպական Միության մակարդակով ես ակնկալում եմ ավելի քիչ փոփոխություն քաղաքական ուղղության մեջ, որը Եվրախորհրդարանը գծել է վերջին մի քանի տարիների ընթացքում, պարզապես այն պատճառով, որ այնտեղ կա 27 անդամ երկրների ընտրազանգվածների միավորում, որոնք ընտրում են այն քաղաքական նախապատվությունները, որտեղ, ի վերջո, մեծ ուժային բլոկները վերջին տասնամյակների ընթացքում բավականին կայունություն են դրսևորել: Այդ մեծ ուժային բլոկների հետագա էրոզիայի պատճառ կարող է լինել, մասնավորապես, Քրիստոնեա-դեմոկրատական կամ Սոցիալ-դեմոկրատական ուժային բլոկը՝ ի շահ այլ կուսակցությունների: Բայց, ընդհանուր առմամբ, այս բոլոր փոփոխությունները կկառավարվեն և կկայունացվեն:

-Ինչպես նշեցիք, թվում է, թե ծայրահեղ աջերի ժողովրդականությունը մեծ է ամբողջ Եվրոպայում: Ծայրահեղ աջերի հաղթանակի վերաբերյալ պնդումները չափազանցվա՞ծ են, թե՞ ոչ։ Եթե նրանց հաղթանակը իրատեսական է, ի՞նչ հետևանքներ դա կունենա:

-Ես մտքի այն դպրոցի մարդկանց հետ եմ, որոնք դեռ հավատում են ժողովրդավարական ճկունությանը, դիմադրությանը, այն կառույցներին, որոնք ստեղծվել են մեր ժողովրդավարական համակարգում, որպեսզի դիմակայենք անջատողականներին կամ ավտոկրատ ուժերին։ Դա կարող է հռետորական կերպով դրսևորվել տարբեր անդամ երկրներում կամ Եվրախորհրդարանում որոշ քաղաքական կուսակցությունների առաջնորդների շրջանում: Իհարկե, որոշ անդամ պետությունների օրինակները, որոնք անցել են այդ ճանապարհով, մասնավորապես, Հունգարիան և Լեհաստանը, կծառայեն որպես նախազգուշացում՝ պահպանելու այդ ուղղությամբ հետագա շեղումները: Եթե ավելի շատ անդամ երկրներ թեքվեն դեպի քաղաքական սպեկտրի այդ կողմը, դա ի օգուտ անդամ երկրների կոալիցիայի կլինի, որը գլխավորում են նրանք, որտեղ Վիկտոր Օրբանն այժմ «դեկանն է», քաղաքական դեկան՝ որպես վարչապետի ամենաերկար ժամկետը զբաղեցրած պաշտոնյա: Եվրոպական խորհրդում ներկայացված անդամ երկրների մակարդակով այդ տեսակետներն ու քաղաքական գործողությունները կդառնան ավելի մեծ և ծանրակշիռ, դա ակնհայտ է, և, հետևաբար, եվրոպական մակարդակով այդ ուղղությամբ տեղաշարժ կլինի, կարծում եմ, ինչը ավելի է դժվարացնում բանակցություններ վարելը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ԵՄ հարաբերությունները Ռուսաստանի հետ կամ ներգաղթի միջոցների բաշխումը և այլն:

-Քանի որ Դուք նշեցիք Հունգարիայի հարցը, հետևյալի մասին խոսենք, որը ոչ ուղղակիորեն, բայց կապ ունի թեմայի հետ։ Վերջերս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին, ինչը նշանակում է, որ ժամանակից շուտ վայր է դնելու մանդատը։ Եվ այդ գործը տրվելու է Հունգարիային, քանի որ նախագահությունն անցնելու է այդ երկրին։ Ի՞նչ է նշանակում Շառլ Միշելի որոշումը նրա և Եվրոպայի համար։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել՝ հաշվի առնելով, որ այս շատ կարևոր դիրքը կստանձնի Հունգարիան։

-Կարծում եմ, որ Շառլ Միշելի որոշումը՝ վաղաժամկետ հրաժարվել Եվրոպական խորհրդի նախագահությունից՝ հօգուտ Եվրախորհրդարանում մանդատ ստանալու համար առաջադրվելու, շատ եսակենտրոն է: Եվրոպան և Եվրամիությունը բախվում են զգալի ռազմավարական մարտահրավերների, և 27 անդամ պետությունների միջև դիրքորոշումները համակարգող փորձառու ձեռքը բացարձակապես կարևոր է։ Եվրոպական խորհրդի նախագահությունը չի կարող կուրորեն վստահվել որևէ մեկին: Դա տեղի է ունենում ռոտացիոն սկզբունքով, և հետևաբար, 2024 թվականի երկրորդ կեսին կնախագահի Հունգարիան։ Կարծում եմ՝ սա ցույց է տալիս Միշելի հավատարմության մակարդակը, որը որոշ դիտորդներ կցանկանային, որ ավելի բարձր լիներ: Մնում է սպասել, որովհետև, կարող է լինել մեկ այլ փոխարինող՝ ընդհանուր համաձայնությամբ: Իսկ որոշակի անուններ արդեն հնչել են։ Այդ առումով քննարկվել են Մարիո Դրագիի և այլոց անուններ, որոնք կարող են ստանձնել այդ փոխարինողի դերը, մինչև այն պահը, երբ որոշվեն բարձրագույն պաշտոններում բոլոր պաշտոնյաները։ Կարծում եմ նաև, որ դժվար է կանխատեսել, թե ինչ արդյունք կունենան Եվրախորհրդարանի ընտրությունները։

-Ինչպե՞ս կարող է Միշելի այդ որոշումն ազդել հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Որքանո՞վ է վտանգված եռակողմ հանդիպումների ձևաչափը։ Փոփոխություններ կլինե՞ն Եվրոպական խորհրդի կամ ընդհանրապես ԵՄ դիրքորոշման մեջ։

-Անձամբ ես երբեք մեծ վստահություն չեմ ունեցել Շառլ Միշելի դերին այդ եռակողմ բանակցություններում: Մենք տեսանք, որ այդ բանակցությունները, իհարկե, տարբեր ուղիներով են ընթանում՝ նաև ԱՄՆ-ի և, իհարկե, Ռուսաստանի մասնակցությամբ։ Մենք նաև տեսնում ենք երկկողմ բանակցությունները, որոնք հիմա տեղի են ունենում։ Այնպես որ, չպետք է ուռճացնել Եվրամիության և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դերն այդ բանակցություններում։ Ես նախընտրում եմ հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն արդեն հասել են այնպիսի մակարդակի, որ արդեն խաղաղության պայմանագիրը թղթին հանձնելու փուլն է։

-Վերադառնալով եվրոպական ընտրություններին. Եվրոպան բախվում է բազմաթիվ ճգնաժամերի, և ուկրաինական պատերազմով ակնհայտ էր, որ սպառնալիքի ընդհանուր ընկալման կարիք կա։ Ինչպես միշտ, ընտրողներն ավելի շատ կմտածեն հացի ու կարագի, այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին գնաճն է: Ըստ Ձեզ, որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնք ղեկավարները պետք է ներառեն իրենց նախընտրական օրակարգում։ Ի՞նչ է պետք Եվրոպային։

-Ցավոք, պետք է համաձայնեմ Ձեզ հետ, որ համապետական և Եվրախորհրդարանի ընտրություններում գերակայելու են հացի ու կարագի խնդիրները, ոչ թե ավելի մեծ գլոբալ ու ռազմավարական խնդիրները: Արտաքին քաղաքականությունն իրականում հաղթող չէ այդ առումով՝ նույնիսկ եվրոպական մակարդակում։ Հետևաբար, այն, ինչ ես կցանկանայի տեսնել քարոզարշավի ժամանակ, իհարկե, գլոբալ ռազմավարական հարցերի շուրջ քննարկումներն են, որպեսզի բոլորը տեղեկացվեն այն չափազանց մեծ վտանգի մասին, որը դեռ ներկայացնում է Ռուսաստանը: Մենք կտեսնենք, որ 2024 թվականին Ուկրաինան ստիպված կլինի շատ պաշտպանական դիրք ընդունել զինամթերքի և սպառազինության բացակայության պատճառով, որը նրան իսկապես անհրաժեշտ է հաջող հարձակմամբ շփման գծերը ճեղքելու համար, ինչը նա չկարողացավ անել 2023 թվականին: Հիմա, եթե շփման գիծը Ուկրաինայում ինչ-որ կերպ շարժվի դեպի արևմուտք, Ռուսաստանն իրեն համարձակ կզգա։ Սա ավելի խորը կտարածվի և կխոցի Եվրոպայի մյուս մասերը, լինի դա Եվրամիության հարևանությամբ, թե հենց ծայրահեղ աջ կուսակցությունների և քաղաքական գործիչների տներում, որոնք շատ հեռուն գնացող կապեր կապեր ունեն Կրեմլի հետ:  

-Միջազգային հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումների պատճառով շատ փորձագետներ պնդում են, որ ԵՄ-ն գլոբալ անկախ դերակատար չէ: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

-Եվրամիությունն ինքնին առաջին հերթին առաջնորդվում է արտաքին ցնցումներով։ Անդամ երկրների միջև առկա քաղաքական անհամաձայնության հետևանքով ներքին մեխանիզմը կանգ է առնում, և մենք տեսնում ենք, որ Հունգարիայի վետոների դեպքում նաև ներքին քաղաքականության վրա է ազդում։  Հետևաբար, Եվրամիության արտաքին քաղաքական դիրքորոշումը կախված է նրանից, թե ինչ է տեղի ունենում այլուր։ Ներքին սպառնալիքի ընդհանուր ընկալումը կարևոր տեղ է զբաղեցնում։ Կարծում եմ, որ դա կամրապնդվի Եվրամիության սահմաններին աճող ճգնաժամերի հետևանքով, կփոխվի դինամիկան՝ ի վնաս Կիևի։ Բայց, իհարկե, նաև ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների և Թրամփի հնարավոր հաղթանակի պատճառով, որը սպառնում է ոչ գործունակ դարձնել ՆԱՏՕ-ն՝ նույնիսկ եթե օրինական կերպով չի կարող ԱՄՆ-ն դուրս բերել կազմակերպությունից: Եվրաինտեգրման գործընթացում հենց այս տիպի ցնցումներն են ազդել բարեփոխումների և առաջընթացի վրա՝ նաև արտաքին քաղաքականության և պաշտպանական դիրքորոշման առումով։ Ես հավատում եմ, որ աստիճանաբար Եվրամիությունը գտնում է այդ ինքնավարությունը, ռազմավարական ինքնավարությունը, որին ձգտում է:  

-Այո, քանի որ ԵՄ-ում այնպիսի ոլորտները, ինչպիսիք են անվտանգությունը, պաշտպանությունը և ռազմավարական հեռանկարները, մնում են թույլ: Համամիտ ե՞ք արդյոք այս ընկալման հետեթե այո, ապա որտե՞ղ եք տեսնում դրա պատճառները։

-Պատճառները բազմաբնույթ են։ Նրանք հիմնված են սպառնալիքի ընկալման տարբերությունների վրա։ Էստոնիայից մինչև եվրոպական մայրցամաքի հարավ-արևմուտքում գտնվող Պորտուգալիա, դա հիմնված է Եվրամիությունում քաղաքական ազդեցության վրա, որը մեկն է այն միջազգային կազմակերպություններից, որտեղ ռազմական, պաշտպանական և արտաքին քաղաքական խնդիրներն ուղղորդվում են: Եվ, իհարկե, ինքնիշխանությունը պաշտպանելու նախանձ կա այն ոլորտներում, որտեղ անդամ երկրների կառավարությունները դեռ կարող են որոշել իրենց սեփական ուղին` իրենց սեփական աշխարհաքաղաքական հետագծերին և պատմական ժառանգությանը համապատասխան: Այս առումով կան բազմաթիվ բեկումնային կետեր, որոնք պետք է ինչ-որ կերպ հաղթահարվեն և ձևավորվեն ավելի կազմակերպված և ինտեգրված արտաքին և անվտանգության քաղաքականության մեջ, իսկ դա ժամանակ է պահանջում։

-Խոսելով այս տարբերությունների և անդամ երկրների տարբեր ընկալումների մասին, որոնք ինքնին խնդիրներ են առաջացնում, ինչպե՞ս եք գնահատում ԵՄ ընդլայնման քաղաքականությունը։ Եվրոպական խորհուրդը որոշել է Ուկրաինայի հետ անդամակցության բանակցություններ սկսել։ Այն ԵՄ թեկնածու 9 երկրներից մեկն է՝ Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի և Թուրքիայի հետ։ Ինչպե՞ս կբացատրեք ընդլայնման այս քաղաքականությունը։

-Դե, ընդլայնումը հիմնականում փախուստի փական է Եվրամիության համար՝ իր քաղաքական նախապատվություններն ավելի լայն Եվրոպայում նախագծելու համար։ Սա ինչ-որ կերպ փոխարինում է արտաքին և անվտանգության քաղաքականության այն ոլորտներին, որոնք չեն աշխատում, պաշտպանական անվտանգություն՝ բառի ավելի սուր իմաստով։ Այսպիսով, ընդլայնումն այն է, ինչ Եվրամիությունը գիտի լավագույնս անել, գուցե, արտաքին քաղաքականության համատեքստում: Այո, մի տեսակ հետամնաց քաղաքականություն, որը այնուամենայնիվ, բավականին ամուր իմաստով շարադրում է Եվրամիության ապագա արտաքին սահմանները:

Ակնհայտ է, որ Կիպրոսի դեպքի նման իրավական հակասությունները, երբ այդ երկրի  հյուսիսը դեռ օկուպացված է թուրքական զինված ուժերի կողմից, որտեղ Եվրոպական Միության օրենքները չեն գործում, չեն կրկնվի ապագայում։ ԵՄ անդամ երկրները պարզապես չեն ցանկանում ինտեգրել տարածքային վեճեր ունեցող երկրներին, ուստի, այո, թեկնածու երկրի կարգավիճակ տալը աշխարհաքաղաքական նշանակության խորհրդանշական ժեստ է, իհարկե, որը նաև աջակցություն է Ուկրաինայի զինված ուժերին իրենց էքզիստենցիալ պայքարում։ Սա հեռանկար է տալիս Մոլդովայի կառավարությանն ու բնակչությանը, ինչպես նաև վրացիներին։ Եվրամիության շահերից բխող քաղաքական ուղղությունն այն է, որը կիսում է այդ երկրների բնակչության մեծամասնությունը: Հետևաբար, դա աներևակայելի կարևոր է, բայց միևնույն ժամանակ, բացարձակապես պարզ է, որ երկու կողմերից ոչ մեկը՝ թեկնածու երկրները և ԵՄ-ն, ի վիճակի չեն կարճ ժամանակահատվածում լիարժեք ինտեգրում իրականացնել: Այժմ մշակվում են այլընտրանքային մեթոդներ՝ որոշակի ոլորտներում մասնակի և արագացված ինտեգրման և ԵՄ որոշակի մարմիններում լիիրավ անդամակցության ակնկալիքով։ Սա, իհարկե, շատ ավելի ուշ կլինի,  ոչ երկու տարվա ընթացքում, ինչպես որոշ ուկրաինացի քաղաքական գործիչներ հայտարարում են սեփական ընտրազանգվածին։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am