Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Հայաստանում աշխատում են բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտը կարգավորող օրենքի նախագծի վրա

Հայաստանում աշխատում են բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության 
ոլորտը կարգավորող օրենքի նախագծի վրա

ԵՐԵՎԱՆ,1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովը, որի ընթացքում ընդունվեց առաջիկա երեք տարվա ռազմավարությունը, որին հաջորդեցին ԱՏՁՄ խորհրդի (վարչության) և նախագահի ընտրությունները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը։ Իսկ Սարգիս Կարապետյանը խորհրդի (վարչության) որոշմամբ նշանակվել է ԱՏՁՄ տնօրեն։

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը բացման խոսքում ընդգծեց՝ սկիզբ է դրվելու նոր ձեռքբերումների, որոնք կնպաստեն Հայաստանի տեխնոլոգիական ապագայի առաջընթացին։ 

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

«Նախ մեզ համար շատ կարևոր է, որ ԱՏՁՄ-ի համայնքը մեծանում է։ Այս տարի մեզ է միացել 32 նոր անդամ․ արդեն ԱՏՁՄ-ի անդամ է 132 ընկերություն: Գրեթե 30 տոկոս նշանակալի աճը վկայում է մեր համայնքի ուժի և կենսունակության մասին: Այսօր որոշելու ենք, թե առաջիկա տարիներին ինչ ուղղությամբ է շարժվելու մեր միությունը և որոնք են լինելու մեր առաջնահերթությունները, որպեսզի զարգացնենք մեր տեխնոլոգիական համայնքը, արդյունքում՝ մեր երկիրը։ ԱՏՁՄ-ի թիմն էլ ոգևորված է դրական փոփոխություններ իրականացնելու հեռանկարով»,- ասաց Եսայանը: 

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն էլ նշեց՝ 2023 թվականը և՛ ձեռքբերումների, և՛ կորուստների տարի է եղել: 

«Անցել ենք մեծ դժվարություններով, լուծել ենք բազմաթիվ խնդիրներ, ունենք հաջողություններ և կորուստներ: Կորցրել ենք 26 «Արմաթ» Արցախում, բայց Հայաստանում տեղադրել ենք ևս 15-ը, վերազինել՝ 80-ը: Մեծ հաջողություններ գրանցեինք 2 Դիջիթեք ցուցահանդեսներով, աննախադեպ մասնակցություններով, գրանցումներով և այցելություններով: 2024 թվականի անելիքները հուշում են նաև մեկ այլ ձեռքբերման մասին. 2023-ին նորից ստացանք WCIT միջազգային համաժողովը Հայաստանում անելու իրավունքը: Այն կգա Հայաստանն էլ ավելի տեսանելի դարձնելու։ WCIT-ը կրկին զուգորդված կլինի Դիջիթեք էքսպոյի հետ, կլինի որպես համաշխարհային մասշտաբով գործակցության, նորարարության և աճի խթան»,- ասաց Կարապետյանը: 

Նա տեղեկացրեց նաև, որ բոլոր շահագրգիռ կողմերի, միությունների, կառավարության ներկայացուցիչների հետ ակտիվ աշխատում են  ԲՏԱ ոլորտը կարգավորող նոր օրենքի նախագծի շուրջ: 

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը  ողջույնի խոսքում շնորհավորեց  ԱՏՁՄ ներկայացուցիչներին և հաջողություններ մաղթեց առաջիկա գործունեության ընթացքում:

Նա անդրադարձավ  նախորդ երկու տարիներին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի կտրուկ աճի տեմպերին, խոսեց այն կարևոր հանգամանքների մասին, որոնցով պայմանավորված էլ բնագավառի հազարավոր ինժեներներ և հարյուրավոր ընկերություններ նախընտրել են գալ Հայաստան: 

«Առաջին հերթին անհրաժեշտ է նշել, որ դա 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության անմիջական արդյունքն է: Պետության մեջ կոռուպցիայի ընկալման համաթիվը, կոռուպցիայի աստիճանը, տնտեսության ակտիվությունն ու ավելի ազատականացումը և մարդկանց համար ստեղծված նոր իրավիճակը հանգեցրել են այն իրողությանը, որ ավելի շատ ընկերություններ են նախընտրում գործունեություն ծավալել և ներդրումներ կատարել Հայաստանում»,- արձանագրեց Հակոբ Արշակյանը:

Որպես երկրորդ կարևոր հանգամանք՝ նա ընդգծեց Հայաստանում գոյություն ունեցող և զարգացած ԲՏԱ ոլորտը. մեր երկրում գործող բազմաթիվ ընկերություններ ընդլայնել են իրենց մասնաճյուղերը, իսկ նոր ընկերությունները նախընտրել են Հայաստանում հիմնել նոր մասնաճյուղեր: Երրորդ հանգամանքը, ըստ ԱԺ փոխխոսնակի, հայ ժողովրդի՝  հյուրընկալելու և հոգատար վերաբերմունք ցուցաբերելու  ունակությունն ու պատրաստակամությունն է:

Անդրադառնալով ապագայում իրականացվելիք ծրագրերին՝ Արշակյանը ընդգծեց՝ այս փուլում ուժերը պետք է կենտրոնացնել ապագայի ռազմավարական տեսլականը հստակեցնելու ուղղությամբ: Նա բարձր գնահատեց նախորդ տարի վարչապետին կից գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծումը: 

«Այս տարի մենք նախատեսում ենք ունենալ ռազմավարական առաջնահերթությունների հստակեցում, և ես կուզենամ կոչ անել ասոցիացիաներին, ընկերություններին համախմբվել և մեր առաջնահերթություններն այս փուլում ճշգրիտ ներկայացնել թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հանրությանը»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԲՏԱ նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ նկատեց՝ Բարձր տեխնոլոգիաների շուրջ մտորելիս կարելի է արձանագրել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կարող է հիմք հանդիսանալ զարգացող և զարգացած պետությունների տնտեսության աճին: 

«Համոզված եմ, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության կայունության և զարգացման, ինչպես նաև միջազգային շուկաներում մրցունակության բարձրացման, առաջատար պաշտպանական համակարգերի ապահովման կարևորագույն գործոն»,- նշեց Հայրապետյանը:

Նա վստահություն հայտնեց, որ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներուժի համակողմանի ներգրավմամբ և համադրմամբ  հնարավոր է հասնել նպատակներին: Նա շեշտեց, որ Հայաստանն արդեն իսկ ապացուցել է, որ ունի ընկերություններ, որոնք աշխարհի մակարդակով կարևորագույն դեր ունեն․  չնայած դրան՝ Հայաստանը դեռ կարևոր ճանապարհի սկզբում է և շատ անելիքներ ունի: 

«Ե՛վ Հայաստանում, և՛ դրա սահմաններից դուրս ընկերություններ և կազմակերպություններ կան, որոնք ոլորտի զարգացման մեջ մեծ ներդրում են ունեցել, և այդ ընկերությունների թվին է դասվում ԱՏՁՄ-ն, որն արժանի է գնահատանքի: Կարևորում եմ այդ աշխատանքը, որն անում է ԱՏՁՄ-ն:Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության անունից ուզում եմ ասել, որ դուք մեր կարևորագույն գործընկերներից և հենարաններից մեկն եք, մենք ևս հավակնում ենք նրան, որ լինենք ձեր հենարանը»,- շեշտեց նախարարը:

ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող բիզնես միություն է, որն այս պահին միավորում է 100-ից ավել ՏՏ և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների։

Միության առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպությունների և Միության անդամների համար ապահովելով բարենպաստ գործարար միջավայր՝ շահերի պաշտպանության, նորարարական և կրթական լայնամասշտաբ ծրագրերի իրականացման միջոցով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am