Երևանում՝ 11:07,   25 Փետրվար 2024

Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտը 2 տարում չեմպիոնական չորս գոտի է նվաճել

Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտը 2 տարում չեմպիոնական 
չորս գոտի է նվաճել

ԳԱՎԱՌ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ, «Կարատե դո» ֆեդերացիայի սան Վարդան Աբրահամյանը 2023 թվականին չեմպիոնական չորս գոտի է նվաճել կարատե մարզաձևի միջազգային մրցաշարում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Սյուզաննա Գալոյանից՝ 2022 թվականի  սեպտեմբերի 21-ին, ՀՀ  Անկախության տոնի առթիվ անցկացված միջազգային մեծ մրցաշարում Վարդանն իր ծննդյան օրը նշել է հաղթանակով` վաստակելով չեմպիոնական գոտի այն հակառակորդի հետ պայքարում, ում մի քանի ամիս առաջ պարտվել էր: 2022 թվականի նոյեմբերի 27-ին, GFS միջազգային մրցաշարում, 33 կգ քաշային կարգում, որտեղ մրցում էին Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Հայաստանի մարզիկները, Վարդանը կրկին  դարձավ միանձնյա հաղթող: 2023 թվականի ապրիլի 21-ին  K-1 միջազգային մրցաշարում  չեմպիոնական գոտու համար պայքարում Վարդանը դարձյալ հաղթող ճանաչվեց: Նախորդ տարվա սեպտեմբերի 24-ին GFS-7 միջազգային մրցաշարում Հայաստանը 12-13 տարիքային 35 կգ քաշային կարգում ներկայացնում էր Վարդան Աբրահամյանն` ընդդեմ իրանցի մարզիկ Ֆարազ Բանիսաեդի: Վարդանը տարավ տպավորիչ հաղթանակ:

«Հայրենասեր, քաջ և մարտունակ սերունդ կրթելու գործում դպրոցի և ընտանիքի հետ միասին այսօր իր մեծ ներդրումն ունի Գեղարքունիք մարզի «Կարատե-դո» ֆեդերացիան։ Ֆեդերացիայի մարզիկները, մասնակցելով բազում մրցաշարերի, պարգևատրվել են բազմաթիվ պատվոգրերով և մրցանակներով։ Այս ամենի մեջ իր անուրանալի ներդրումն ունի ֆեդերացիայի նախագահ Արամազդ Կյուրեղյանը, ով տարիներ շարունակ տքնաջանորեն ու նվիրումով կրթում է հոգեպես հզոր, մարմնապես առույգ ու կոփված սերունդ։ Ինչ վերաբերում է մեր քառակի չեմպիոնին, ապա պետք է ասեմ, որ նա ոչ միայն մարզական հաջողություններ ունի, այլ նաև փայլում է ուսման մեջ։ Վարդան Աբրահամյանի նման պատանիներն են  մեր ապագան ու հույսը, քանզի որքան քաջ ու աննկուն է հայի ոգին, այնքան ամուր ու հզոր են ազգն ու հայրենիքը»,-ներկայացրեց Սյուզաննա Գալոյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]