Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Փոխվել է «Սիներջի»-ի կին աշխատակիցների խափանման միջոցը. Դատախազությունը մանրամասներ է ներկայացնում

Փոխվել է «Սիներջի»-ի կին աշխատակիցների խափանման միջոցը. 
Դատախազությունը մանրամասներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ «Սիներջի» ընկերության աշխատակիցներ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

«Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել:

Դատախազությունը հիշեցնում է, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության («Սիներջի») ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):

Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանք՝ երկու ամիս ժամկետով: 

Հայաստանի Հանրապետության դատախազությունը փետրվարի 9-ին ստացել էր «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների՝ Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցները փոխելու հարցով ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջնորդությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խափանման միջոցը փոխելու հարցով միջնորդություն ներկայացնելը հիմնավորել էր հատկապես նրանով, որ կանայք մանկահասակ երեխաներ ունեն: Իսկ Աշոտ Հովհաննիսյանի առումով խմբակցությունում հաշվի են առել այն հանգամանքը, որ նա իր ոլորտում վաստակաշատ անձնավորություն է: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]