Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Թյուրըմբռնում ու իրազեկվածության պակաս․ պատասխանատուներն անդրադարձել են «Առողջ ապրելակերպ»-ի դասընթացի շուրջ բարձրացված աղմուկին

Թյուրըմբռնում ու իրազեկվածության պակաս․ պատասխանատուներն 
անդրադարձել են «Առողջ ապրելակերպ»-ի դասընթացի շուրջ բարձրացված 
աղմուկին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության դպրոցներում 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները, «Առողջ ապրելակերպ» խմբակի նոր չափորոշիչներով դասընթացներին մասնակցելով, հնարավորություն ունեն ծանոթանալու կարևոր հարցերի մի շարք ուղղություններով՝  սնուցում և ֆիզիկական ակտիվություն, աճ, զարգացում, հիգիենա, անվտանգություն և այլն։ Խմբակը նշված դասարանների համար դարձել է պարտադիր։ Աշակերտները հիմնական դասացուցակով նախատեսված ժամերից հետո մասնակցում են խմբակի դասերին։ Խմբակի դասընթացները տնային աշխատանքներ չեն նախատեսում, երեխաները դասընթացի բովանդակությանը ծանոթանում են բացառապես դասարանում։ Չկա առարկայի դասագիրք կա միայն ուսուցչի ձեռնարկ։

Օրերս համացանցում ակտիվ քննարկման առարկա դարձավ «Առողջ ապրելակերպ» դասընթացի բովանդակությունը։ Նշվում էր, որ 5-րդ դասարանում անդրադարձ կա սեռական դաստիրակությանը, պահպանակների օգտագործմանը։ Կարծիքներ էին հնչում այն մասին, որ 5-րդ դասարանում նման թեմաներով դասընթացները ճիշտ չեն։ Անդրադառնալով նշված դիտարկումներին ու մտահոգություններին՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի անդամները նշեցին, որ սխալ տեղեկատվություն է տարածվում, կա թյուրըմբռնում։ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) գնահատման, մշակման և զարգացման բաժնի պետ, «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը նշեց, որ նախ առողջ ապրելակերպի դասընթացները նորություն չեն, դրանք կան 2007 թվականից, պարզապես ներառված էին «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում՝ բարձր դասարանների համար։

«Հիմա նպատակ է դրվել առանձին խմբակի ձևաչափով դասընթացը կազմակերպել, որպեսզի այն լինի առավել արդյունավետ, քանի որ մշտադիտարկումը ցույց է տվել որոշակի բացեր։ Ոչ միշտ էր, որ «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում ուսուցիչները պատշաճ անդրադառնում էին թեմաներին։ Առանձին խմբակի ձևաչափով դասընթացը կազմակերպելուց զատ, նոր չափորոշիչներով դասավանդում նախատեսվել է նաև 5-ից 7-րդ դասարանների աշակերտների համար։ Տարրական դասարանում առողջ ապրելակերպի թեմային անդրադարձ կատարվում է «Ես ու շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում, 8-ից բարձր դասարանի աշակերտները թեմային ծանոթանում են «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում։ Ստացվում էր միջին դասարանների համար թեման բաց էր մնում։ Այնինչ, դեռահասության շրջանում առողջ ապրելակերպին միտված դասընթացները շատ կարևոր են, քանի որ տարիքը ռիսկային է»,- ասաց Լուսինե Ալեքսանյանը։ Ինչ վերաբերում է վերարտադրողական առողջությանը, պահպանակների օգտագործմանը, ապա Լուսինե Ալեքսանյանը նշեց, որ 5-րդ դասարանցիների համար նախատեսված թեմաների շրջանակում նման բան չկա։

Արաբկիր բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովայի խոսքով՝ «Առողջ ապրելակերպ»-ի թեմաներն ուղղված են անձի զարգացմանը, առաջին բուժօգնության, ինչպես նաև ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութի վնասակար ազդեցությանը, դրա դեմ պայքարին, բռնության խնդիրներին։  

«Կան նաև վերարտադրողական առողջությանը վերաբերող թեմաներ, բայց դրանք ներկայացված են տարիքին խիստ համապատասխան։ Օրինակ, 5-րդ դասարանի թեմաների մեջ կա աճ և զարգացում բաժինը։  2-րդ դասի վերջում աղջիկների համար նախատեսված է նյութ, որը խոսում է դաշտանային ցիկլի մասին։ Մենք գիտենք, որ հիմա աղջիկների մոտ դաշտանային ցիկլը սկսում է բավական շուտ և նրանք պետք է պատրաստված լինեն։ Շատ դեպքերում մայրիկները չեն կարողանում խոսել, հիմա արդեն ուսուցիչը կխոսի, երեխաներն էլ ավելի պատրաստված կլինեն։ Աղջիկների այդ թեմայի դասընթացն էլ առանձին է անցկացվում, առանց տղաների մասնակցության»,-ասաց Մարինա Մելքումովան։

Երևանի Մ. Հերացու պետական բժշկական համալսարանի  հոգեբանության  ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանը կարևոր ձեռքբերում է համարում առողջ ապրելակերպի դասընթացների անցկացումը։

«Այն հնարավորություն է տալիս անդրադառնալու սթրեսի կարգավորմանը, հաղորդակցմանը, հարաբերություններին, ամեն տարիքին համապատասխան հոգեկան առողջության թեմաներին, ինքնագնահատականին։ Մենք այսօր չենք կարող վերահսկել, թե մեր երեխաներն ինչ տեղեկություններ են ստանում։ Ցավոք, եթե առաջ ասում էինք վտանգը դրսում է, պետք չէ երեկոյան տանից դուրս գալ, ապա այսօր վտանգը հեռախոսի մեջ է, իրենք ունեն անսահմանափակ տեղեկություններ ստանալու հնարավորություն, հետևաբար իրենց պաշտպանելու միակ միջոցը գրագետ տեղեկություն հաղորդելն է»,-հավելեց մասնագետը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]