Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը. ԱԳՆ խոսնակի հայտարարությունը

Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է պայմանավորվածության հիման վրա 
արագացնել սահմանազատման գործընթացը. ԱԳՆ խոսնակի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է 2022թ հոկտեմբերի 6-ի Պրահայի պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի հայտարարությունում:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք է լինելու: Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը»,-նշել է խոսնակը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 15-ին կառավարության նիստում անդրադարձել էր Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին: Վարչապետն ընդգծել էր այն փաստը, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի Հանրապետության 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ։ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման վերաբերյալ առաջարկվող տարբերակներից։ Վարչապետի խոսքով՝ դրա պատճառ կարող է լինել սահմանի որոշ հատվածներում ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի մտադրությունը՝ հետագայում դա Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ 

Ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ըստ էության չընդունելով մեղադրանքն ու այլ պահանջներ ներկայացնելով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am