Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում դանակահարված եղբայրներից մեկը մահացել է. ձերբակալվել է 19-ամյա երիտասարդ

Գեղարքունիքի մարզում դանակահարված եղբայրներից մեկը մահացել է. 
ձերբակալվել է 19-ամյա երիտասարդ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում երկու եղբայրներ են դանակահարվել, որոնցից մեկը մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն, նշելով, որ մեկ անձ ձերբակալվել է:

«2024 թ. փետրվարի 21-ին ժամը 19։15-ին «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին այն մասին, որ իրենց մոտ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ եղբայրներ, որոնց առողջական վիճակները գնահատվել են ծանր։

 Ավելի ուշ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից մեկը ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով,  նույն օրը մահացել է։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2024 թ. փետրվարի 21-ին ոստիկանության ծառայողների կողմից Ոստիկանության բաժին է տարվել, ապա վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերից մեկում հաշվառված 19-ամյա երիտասարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում 2024 թ. փետրվարի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների և դրանց կից փաստաթղթերի հիման վրա:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից դեպի Արփունք գյուղ տանող ճանապարհին 19-ամյա երիտասարդը, ըստ նախնական տվյալների՝ անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել նույն մարզի բնակիչ, 41-ամյա և 37-ամյա երկու եղբայրների մարմինների տարբեր հատվածներին, որի հետևանքով 1987թ. ծնված անձը հիվանդանոցում մահացել է։

Որոշում է կայացվել սպանություն և սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 19-ամյա երիտասարդին, ձերբակալելու մասին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է արնանման հետքերով փայտ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Ձերբակալված անձը տվել է խոստովանական ցուցմունք։ Հանցագործության հնարավոր գործիք դանակն առգրավվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ըստ առկա նախնական տվյալների՝ վիճաբանությունը և դրա հետևանքով տեղի ունեցած դանակահարությունը կապված չէ տուժողներից մեկի՝ 41-ամյա անձի ծառայողական գործունեության հետ (պայմանագրային զինծառայող է – խմբ.), իսկ դեպքի պահին վերջինս չի եղել ծառայության մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]