Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն իր կոնկրետ արդյունքներով նպաստել է ևս մեկ միջազգային ծրագիր

ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն իր կոնկրետ արդյունքներով 
նպաստել է ևս մեկ միջազգային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայացավ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Ծրագրի նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով և նորարարական լուծումներով նպաստել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր ելույթում նշեց, որ տվյալ ծրագիրը Եվրամիության ներգրավվածության ավարտը չէ, այլ նորարարության և շուտով կիրականցվի ևս մեկ ծրագիր։

MXO_7530.jpg (1.29 MB)

«Նմանօրինակ նախաձեռնություններով վերահաստատվում է Հայաստանի ու Եվրամիության հեռանկարային համագործակցությունն ու հզոր գործընկերության ձևավորումը մասնավորապես բիզնեսի բնագավառում։ Առաջին կայծը, որն ազդարարեց այս ծրագրի մեկնարկը, Հայաստանի կայուն զարգացման առաջմղման տեսլականն էր և հատկապես ՀՀ մասնավոր սեկտորի հետ անմիջականորեն աշխատելու ցանկությունը։ Այս ծրագիրն, ըստ էության, բարերար հող է Հայաստանում ներառականության զարգացման համար և հիմնված է հայ ժողովրդի ստեղծագործող մտքի և հնարամտության վրա։ Արդյունքներն իսկապես ոգեշնչող են։ Ստեղծվել է ավելի քան 1400 աշխատատեղ, ձևավորվել են 150 ձեռնարկություններ, որոնք ցույց են տվել իրենց ներուժը Հայաստանի համար կարևոր բնագավառում, ինչպիսին զբոսաշրջությունն է»,- ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Մարագոսի խոսքով՝ սա ոչ միայն ԵՄ-ի, այլև համատեղ համագործակցության ասպարեզում ՀՀ կառավարության պատմությունն է։ Զբոսաշրջության և նորագույն տեխնոլոգիաների համատեղության արդյունքում շահել են ծրագրի բոլոր մասնակից կողմերը, առավել ևս, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որը փոխկապակցված է շատ երկրների հետ։ 

«Ամենակարևոր բաղադրիչներից մեկն ավանդույթների պահպանումն է հինավուրց այս երկրում և այդ համատեքստում դրանք ի ցույց դնելու տաղանդն ու հնարամտությունը։ Նորարարական լուծումների համադրությունն այն եզակի երևույթն է, որը պետք է խթանենք ու առաջ մղենք։ Շատ կարևոր է նաև համապատասխան ենթակառուցվածքների արդիականացումը, որով այդքան շահագրգռված են այս կամ այն երկիր այցելող զբոսաշրջիկները։ Այդ տեսանկյունից սերտորեն համագործակցում ենք Հայաստանի քաղավիացիայի հետ։ Եվրամիությունը գնահատում է համատեղ աշխատանքն ու փորձի փոխանակումը բարեփոխումների ուղղությամբ։ Սա հատկապես երիտասարդների համար լավ հեռանկար է մասնագիտական կատարելագործման առումով, որպեսզի նրանք նոր միջավայրում առաջադրեն նոր գաղափարներ և կիրառեն իրենց գիտելիքները։ ԵՄ-ն անշեղորեն հանձնառու է Հայաստանի հետագա զարգացմանն աջակցելու գործում»,-ասաց դեսպան Մարագոսը։

Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերն իր հերթին նշեց, որ տվյալ ծրագրի իրականացման ճանապարհը հեշտ չէր, նույնիսկ մարտահրավերային էր, քանի որ մեկնարկեց «Քովիդ-19» համավարակի ժամանակաշրջանում, սակայն բոլորին գոհացրել են վերջնական արդյունքները։

Madlen.jpg (728 KB)

«Հայկական կողմի հետ համագործակցության շնորհիվ կարողացանք ձևավորել մի միջավայր, որն ազդարարեց լուրջ նորարարական նախաձեռնությունների մեկնարկը։ Ծրագրի արդյունքները ոչ միայն շոշափելի են, այլև տարածական, որովհետև դրանում ներգրավված են եղել Հայաստանի երեք մարզերի մի շարք բնակավայրեր։ Շատերն ինձ պատմել են, թե ինչ դրական ազդեցություն են ունեցել նորարարական տուրիզմն ու տեխնոլոգիաների զարգացումն իրենց ապրելակերպի վրա։ Շատ կարևոր է, որ մարդիկ հանդես գան ավելի արդիական գաղափարներով, որոնք կխթանեն և կամրապնդեն մասնագիտացված հաստատությունների գործունեությունը։ Արդեն իսկ գերմանացի գործընկերների աջակցությամբ արձանագրվել են նորարարությանն ու առաջընթացին ուղղված միտումներ, ձևավորվել են նոր ձեռնարկություններ՝ ստեղծելով ընդհանուր ցանց, ինչի շնորհիվ հայաստանյան ստարտափերը կապվել են համաշխարհային տեխնոլոգիական հսկաների հետ։ Ձեռքբերումներն, ինչ խոսք, գրանցվել են համագործակցային ոգու շնորհիվ»,- ասաց ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրենը։     

Միջոցառմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ իր ղեկավարած կառույցը արդյունավետ գործընկերություն է ձևավորել վերոհիշյալ ծրագրի շրջանակում, ինչը լուրջ ձեռքբերում է հայաստանյան զբոսաշրջային ոլորտի զարգացման համար։

sisian.jpg (717 KB)

«Այս բնագավառն անշուշտ գերակա նշանակություն ունի մարքետինգային առումով թե՛ ներքին, թե՛ արտաքին հարաբերությունների տեսանկյունից, հետևաբար մենք սատարում ենք նմանօրինակ նախաձեռնություններին, մեր երկրում տուրիզմի համատեղ համաժողովներին։ Միջազգային համագործակցության արդյունք է նաև մասնագիտացված կայքի ստեղծումը, որի շրջանակում ձևավորվել է նոր կոնտենտ։ «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագրի ֆինանսավորումը մեծ դերակատարում է ունեցել մեր երկիրը զբոսաշրջային կենտրոն դարձնելու առումով։ Այն հավուր պատշաճի ներկայացրել է Հայաստանի գրավչությունն ամբողջ աշխարհին։ Գերմանացի գործընկերների փորձն ու փորձարարական կարողություններն իսկապես առանցքային են եղել Հայաստանում զբոսաշրջությունը խթանելու համար։ Հետայսու նույնպես պետք է նվիրական մոտեցում ցուցաբերենք տվյալ ոլորտի շարունակական զարգացման գործում»,- ասաց Պօղոսեանը։ 

«ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը մեկնարկել էր 2019 թվականի նոյեմբերին: Ծրագիրը համաֆինանսավորվել է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» բազմաբաղադրիչ ծրագրի ներքո: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության մաս, որի ուշադրության կիզակետում են երկու հիմնական ուղղություններ. նորարարական զբոսաշրջության և ստարտափերի, ինչպես նաև արդեն իսկ գործող, ներդրումային տեսանկյունից հեռանկարային նորարարական ձեռնարկությունների զարգացումը: 

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]