Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլուխը և ձեռքը Հայաստանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլուխը և ձեռքը 
Հայաստանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլուխը և ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրության շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրիտանական թանգարանը և Հայաստանի պատմության թանգարանը ստորագրեցին բացառիկ ցուցանմուշի փոխառության պայմանագիրը: Ժամանակավոր ցուցադրությունը Հայաստանում կտևի վեց ամիս:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ ցուցահանդեսին կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից մայր աստվածությանը վերաբերող նշանակալի ընտրանի՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև Քրիստոնեություն և մեր օրերը:

«Նշեմ, որ Հայաստանի պատմության թանգարանը նախկինում համագործակցել է Բրիտանական թանգարանի հետ և իր հավաքածուները ժամանակավոր փոխառության տրամադրել տարբեր միջազգային ցուցահանդեսների շրջանակներում։ Շատ հետաքրքիր է, որ այդ նմուշներից մեկն էլ համադրվել է   Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի ու ձեռքի հետ, որից անմիջապես հետո էլ ծնվել է այն գաղափարը, որ տեղի ունենա նաև հակառակը, այսինքն` կիսանդրիի գլուխը և ձեռքը ցուցադրվի մեր երկրում: Այս հեղինակավոր թանգարանից Հայաստանում առաջին անգամ են ցուցադրվելու նմուշներ՝ հատկապես նման խորհրդանշական և հայ ժողովրդի համար հատուկ նշանակություն ունեցող թանգարանային առարկաները»,- ասաց թանգարանի տնօրենը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով այս ցուցադրությունը, նշեց, որ միջազգային մակարդակի մեծածավալ ցուցադրությունը կհետաքրքրի շատերին, քանի որ բոլորը դասագրքերից արդեն իսկ ծանոթ են այդ նմուշներին, իսկ ցուցադրությունը սեփական աչքերով այն տեսնելու բացառիկ հնարավորություն է:

«Կարևոր է նաև նախապես մեծ աշխատանքներ տանել իրազեկելու ուղղությամբ, որպեսզի մեր հանրության տարբեր շերտերը ունենան հնարավորություն այդ օրերին այցելել թանգարան և վայելել ցուցադրությունը: Իհարկե, պետք է կարևորեմ մեր թանգարանների միջև այս միջազգային համագործակցությունը,  որը շարունակական բնույթ է կրում և կրելու»,- ասաց նախարարը:

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, կարևորելով նման համագործակցությունը, նշեց, որ գնահատում են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդումը:

«Այս ցուցահանդեսը յուրահատուկ հնարավորություն է տալիս Հայաստանի ժողովրդին ծանոթանալու իր մշակութային ժառանգությանը: Նախատեսվող ցուցադրությունը մեր երկրների միջև մշակութային փոխանակման ծրագրի կարևորագույն մասն է: Այն կառուցված է երկու թանգարանների միջև շատ հզոր համագործակցության վրա, որը սկսվել է անցած տարվանից, երբ Հայաստանի պատմության թանգարանը մի քանի նմուշներ է փոխանցել Բրիտանական թանգարանին»,- նշեց դեսպանը:

Դեսպանը հույս հայտնեց, որ նման համագործակցությունը կնպաստի երկրների միջև երկխոսության զարգացմանը և սահմաններից դուրս մշակութային փոխներգործությանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Ցուցադրությունը կյանքի կկոչվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]