Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Գեղարքունիքի մարզային գրադարանում բացվել է ֆրանսալեզու գրականության անկյուն

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Գեղարքունիքի մարզային գրադարանում 
բացվել է ֆրանսալեզու գրականության անկյուն

ԳԱՎԱՌ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանում բացվեց  ֆրանսալեզու գրականության անկյուն:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ գրադարակի պաշտոնական բացմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Դավիթ Տյուրցը, Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի մշակութային գծով հանձնակատար Ալեքսանդր Կլուզոն, Ֆրանսիական ինստիտուտի ուսումնական ծրագրերի համակարգող Ագապի Ասլանյանը և «Սաթէ Աթղը» Ֆրանսիական թատերական միության ղեկավար, բեմադրիչ, թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը։

Միջոցառմանը ներկա էին նաև լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, «Հայաստան» ամսագրի խմբագիր, գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի պատասխանատու Տիգրան Նիկողոսյանը,  մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, Գավառի կրթական և մշակութային կառույցների պատասխանատուներ, «Ռեսթարթ Գավառ» երիտասարդական կենտրոնի երիտասարդներ։

Գրադարանի պատվավոր հյուրերին աղ ու հացով դիմավորեց և երաժշտական կատարումով ողջունեց գրադարանի կրտսեր ընթերցող Սամվել Խաչատրյանը։

Նորաբաց գրադարակին իր հեղինակային գիրքն է նվիրել նաև ֆրանսիացի գրող, հրապարակախոս, պոետ, երգերի տեքստերի հեղինակ Ժան Միշել Բարտնիկին, ով տեսաուղերձով ողջունեց ներկաներին:

Սաթէ Խաչատրյանը խոսեց իր գրական գործունեության մասին, ներկայացրեց իր  թարգմանած ֆրանսիացի հեղինակների գրքերը, հատուկ անդրադարձ եղավ Յասմինա Ռեզայի «Պիեսներ» գրքին։

«2023 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակներում մենք միջոցառումների շարք նվիրեցինք  Արշակ Չոպանայանին։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև ուզում եմ անմիջապես զուգահեռներ տանել Արշակ Չոպանյանի և Սաթէ Խաչատրյանի  ծավալած  գործունեության և հետապնդած նպատակների միջև։ Արշակ Չոպանյանի բոլոր առնչություններն, ըստ էության, ունեին մեկ գաղափարական հենք՝ մեծագույն արհավիրքից հետո աշխարհին ներկայացնել հայ ժողովրդին, նրա նկարագիրն ու էությունը։ Ես նույն կերպ կարող եմ բնութագրել նաև մեր համաքաղաքացի Սաթէ Խաչատրյանի ողջ գործունեությունը։ Դպրոցն ավարտելուց հետո Սաթէ Խաչատրյանը ընդունվում է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական  ֆակուլտետը հեռակա և միաժամանակ առկա Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Մանուկ Աբեղյանի անվան ինստիտուտում մագիստրատուրայի թեկնածուականը պաշտպանում է դրամատուրգիայի գծով և հենց այդ պահին էլ նրա կյանքում  միաժամանակ հատվում և քննություն են բռնում թատրոնը, գրականությունը և գրողը։

Նոր թատրոնի,  թատերական  լեզվի և ավանդույթների բացահայտումը, նոր աշխարհընկալման հեռանկարը  Սաթէ Խաչատրյանին տանում են Ֆրանսիա։ Փարիզում նա ընդունվում և ավարտում է Փարիզի դրամատիկական արվեստների բարձրագույն ազգային կոնսերվատորիան, այնուհետև Սորբոնի համալսարանը։ Ունենալով բարձր մասնագիտական տեսլական՝  նա մշակեց  յուրահատուկ մշակութային ռազմավարություն մեր մշակույթը աշխարհին հասանելի դարձնելու համար։  2013 թվականին ամուսնու հետ  հիմնադրում և մինչ օրս ղեկավարում է «Սաթէ Աթղը» ֆրանսիական թատերական միությունը, ինչը նրան լայն հնարավորություններ ընձեռեց՝ իրականացնելու հայ մշակույթի  հանդիպումը ֆրանսերենի հետ, ինչպես նաև  Հայաստանում հանրահռչակելու ֆրանսիական մշակույթը , մասնավորապես՝ Ֆրանսիայի ժամանակակից դրամատուրգիան։

«Սաթէ  Աթղը» թատերական միությունն իր հիմնադրման օրվանից բազմաթիվ նախագծեր է իրականացրել և Ֆրանսիայում, և Հայաստանում։  Ֆրանսիայում հայկական մշակույթի հանրահռչակման շրջանակներում բեմադրվել են Հովհաննես Թումանյանի հեքիաթները, «Սասնա ծռեր» էպոսը, Կոմիտասին նվիրված երաժշտական ներկայացումը «Իլիկ» խորագրով, որտեղ  խոսվել է նաև 1915 թվականի ցեղասպանության մասին,  44-օրյա պատերազմին նվիրված «Ես զինվոր եմ կրում» ներկայացումը, որի շրջանակներում խոսվել է հայ ժողովրդի նոր ողբերգության՝ 44-օրյա պատերազմի՝ մեր ժողովրդի նորօրյա արհավիրքի  մասին։ Բեմադրության մեջ կենդանի կատարմամբ հնչել են շարականներ, ժողովրդական և ֆիդայական երգեր։ Եվ վերջին ներկայացումը, նվիրված Փարաջանովին, վերջերս հանձնվել է հայ հանդիսատեսի դատին»,-ներկայացրեց մարզային գրադարանի մանկական բաժնի վարիչ Ալինա Ավետիսյանը։ 

«Մենք արդեն մի քանի տարի գրադարանում նշում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, և միշտ միջոցառումները նվիրված են լինում մշակութային բազմազանությանը և հատկապես Ֆրանկոֆոն մշակույթների տարբեր  արժեքներին, որի համար էլ միշտ զգում ենք ֆրանսերեն լեզվով գրքերի  անհրաժեշտությունը։ Մեր գրադարանում շատ կան թարգմանված ֆրանսիացի հեղինակներ, բայց հենց ֆրանսալեզու  գրականության պակասը զգացվում է։ Եվ այսօր շատ ուրախ ենք՝ վերջապես, մեր գրադարանը համալրվեց  համապատասխան գրքերով , ինչը մեզ ավելի կմոտեցնի մեր նպատակին՝ նպաստել ֆրանկոֆոն  մշակույթների  տարածմանը»,-նշեց Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը։

Միջոցառման ընթացքում բանախոսների ելույթները հայերենից ֆրանսերեն թարգմանեց գրադարանի ակտիվ ընթերցող, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Մերի Զարգարյանը։

Երաժշտական  կատարումներով հանդես եկան Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Սիրականյանը։

Գրադարանի արվեստի բաժնում ցուցադրված էին Գավառի ուսուցողական կենտրոնի,Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և  գեղարվեստի դպրոցի շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքները։

Երիտասարդ ընթերցողները Սաթէ Խաչատրյանի հետ շփման ընթացքում քննարկեցին  Յասմինա Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» պիեսը, որին հաջորդեց համանուն պիեսի դիտումը Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]