Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Մադրիդի «Ատլետիկո»-ն ամռանը Հայաստանում պատանի ֆուտբոլիստների համար ճամբար կանցկացնի

Մադրիդի «Ատլետիկո»-ն ամռանը Հայաստանում պատանի ֆուտբոլիստների համար ճամբար կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի ներկայացուցիչներն  ամռանը՝ հունիս ամսին, ֆուտբոլային ճամբար կանցկացնեն «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմերում մարզվող երեխաների և այլ ցանկացողների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին ակումբի ներկայացուցիչներ «Սարդարապատ» ՖԱ հիմնադիր նախագահ Սևան Կարիանը, գլխավոր տնօրեն Անուշ Անանյանը և Մադրիդի «Ատլետիկո»-ի միջազգային զարգացման բաժնի համակարգող Կարլոս Կանո Լորենցոն:

«Մենք նպատակ ունենք խորացնելու մեր մեթոդաբանությունը` առավել զարգացնելով այն, առավել հագեցնելով այն` ներկայացնելով հայ պատանիներին: Մադրիդի «Ատլետիկո»-ի ակադեմիան մեծագույնն է Եվրոպայում: Նպատակ ունենք միահյուսել «Ատլետիկո»-ի և «Սարդարապատ»-ի փիլիսոփայությունը, գիտելիքները` դառնալով առավել լավը»,-ասաց «Սարդարապատ» ՖԱ հիմնադիր նախագահ Սևան Կարիանը: Վերջինիս խոսքով` ապագայի հեռանկարային նպատակը մեկն է՝ մարզչական փոխհամագործակցության տևական զարգացումը:

«Ատլետիկո»-ի միջազգային զարգացման բաժնի համակարգող Կարլոս Կանո Լորենցոյի խոսքով` լինելով առաջին անգամ Հայաստանում, նպատակ կա ավելի շատ տեղեկանալ հայկական ֆուտբոլից:

««Սարդարապատ» ակումբի միջոցով փորձելու ենք կամրջել երկրները` Հայաստան բերելով «Ատլետիկո»-ի ակադեմիայի փիլիսոփայությունը, մեթոդաբանությունը: Այս ամենում մեր առաջին քայլը կլինի ամռանը կայանալիք ֆուտբոլային ճամբարը: Ճամբարին կմասնակցեն բուն «Ատլետիկո»-ի ակադեմիայի մասնագետները»,-առանձնացրեց Լորենցոն:

Ֆուտբոլային ճամբարը  նախատեսված է 9-15 տարեկան պատանիների և աղջիկների համար: Ճամբարին կարող են մասնակցել ոչ միայն «Սարդարապատ» ակումբի, այն նաև ուրիշ թիմերի երեխաներ: Ճամբարին կմասնակցի 40 երեխա:

«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական մեկնարկը տրվել է 2021 թ-ին։ Ակադեմիան բարձրակարգ ֆուտբոլային կրթություն է առաջարկում  թե՛ տղաներին, թե՛ աղջիկներին։ Մարզումներն անց են կացվում ժամանակակից և լիովին կահավորված մարզադպրոցում, որը գտնվում է Արմավիր քաղաքում։ «Սարդարապատ»-ում գրանցված մարզիկները և մարզուհիները հասանելիություն ունեն Ֆրանսիական «Լանս» ՖԱ-ի մարզումային մեթոդաբանությանը, որը  փոխանցվում է տեղի մարզիչների միջոցով։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am