Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի 
տեղահանվածների համար

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և փախստականների բնակարանային կարիքների, հոգեսոցիալական աջակցության բավարարման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին ՄըքՔին։

«Մենք հավաքվել ենք այստեղ վերահաստատելու ժողովրդավարական և բարգավաճ Հայաստանին աջակցելու մեր ջանքերը և մեր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: ԱՄՆ պետքարտուղարն այսօր առավոտյան հայտարարեց ժողովրդավարության, էներգետիկ անկախության, պարենային անվտանգության և տնտեսական ինտեգրման խթանման համար ավելի քան 65 միլիոն դոլարի նոր և նշանակալի աջակցության մասին: Ուրախ ենք շարունակել համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ ամրապնդելու համար այդքան դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները»,- ընդգծեց ՄըքՔին։

Նրա խոսքով՝ 2023 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել տեղահանված անձանց և փախստականների բնակարանային կարիքների, հոգեսոցիալական աջակցության բավարարման համար: 

«Այս ֆինանսավորման շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ-ն կհամագործակցի ազգային և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ՝ կոնկրետ ցույց տալու Հայաստանի ժողովրդին, որ իրենց ժողովրդավարությունը տալիս է իր պտուղները: Իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն կհոգա, որ կարիքավորներն ունենան հանրային ծառայությունների հասանելիություն՝ օգնելով Հայաստանի կառավարությանը տեղեկատվություն տարածել այդ հնարավորությունների մասին»,- ասաց նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am