Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԵԽ գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԵԽ գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են 
«Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան 
համատեքստում» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներին՝ քննարկելու «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության՝ երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը, ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության բարձր մակարդակն ու դրա հետագա զարգացումը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների կարիքներին՝ Արթուր Մարտիրոսյանը նախ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ միտված նրանց հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ կրթության իրավունքի իրացմանը:

Փոխնախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող ընդգրկվել  է  ՀՀ  հանրակրթական դպրոցներում, ապահովվել է ավելի քան 900 ուսանողի կրթության շարունակականությունն ուսումնարաններում և քոլեջներում, ևս 1834 ուսանողի՝ բուհերում, որոնց տրամադրվել է ուսման վարձի փոխհատուցում:  Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորություն է ընձեռվել նաև այն ուսանողներին, որոնց ուսման վարձը նախկինում վճարվել է ԼՂ իշխանությունների կամ նրանց ընտանիքների կողմից:

Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել՝ «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրով նախատեսվում է իրականացնել երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների վերապատրաստումներ ու ստեղծել կարողությունների զարգացման ձեռնարկ՝ նախատեսված թե՛ ուսուցիչների, թե՛ սոցիալական աշխատողների համար: Այս համատեքստում կարևորվել է ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությունը:

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նմանօրինակ ձեռնարկը բուհական համակարգում ներառելու հնարավորությունը՝ երկարաժամկետ զարգացման հեռանկարում: Նա տեղեկացրել է՝ դպրոցներում սեպտեմբերից պարտադիր է հոգեբանի հաստիքը, գործում են Հանրապետական մանկավարժահոգեբանական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, սակայն մարտահրավերային իրավիճակները պահանջում են նոր ջանքեր, ինչպես նաև վերապատրաստման նոր ծրագրեր՝ այս կառույցների ներգրավմամբ:

Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանն ընդգծել է՝ հիմնական ուշադրությունն ուղղվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված հատկապես այն երեխաներին, որոնք մնացել են առանց ընտանեկան և ծնողական խնամքի:

Արթուր Մարտիրոսյանն աշխատանքների կազմակերպման արդյունավետության նպատակով կարևորել է դաշտում նմանօրինակ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների սերտ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am