Քաղաքականություն

Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. պատգամավոր

5 րոպեի ընթերցում

Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ձգտում է իր ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ինտեգրել ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵԽԽՎ-ում ասել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

Պատգամավորը նախ խոսել է ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետի, ԵՄ հանձնաժողովի նախագահի և Բարձր Ներկայացուցչի, ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման մասին՝ դա որակելով Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություն:

«Հանդիպման օրակարգը և նպատակը ուրվագծվել են անցյալ տարի Գրանադայում ՀՀ վարչապետի և ԵՄ հանձնաժողովի նախագահի հանդիպման ժամանակ Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառման շրջանակներում: Հայտարարվել է Հայաստանի տնտեսական դիմակայունությանը, առևտրային գործընկերությունների բազմազանեցմանն ու հզորացմանը ԵՄ-ԱՄՆ համատեղ աջակցության մասին։ Սակայն, դրանից առավել, իրադարձությունն ինքնին աննախադեպ էր իր ձևաչափով և քաղաքական ուղերձի իմաստով»,-ասել է Գրիգորյանը:

Պատգամավորն ապա մեջբերել է Բարձր ներկայացուցիչ Յոզեպ Բորելի խոսքերը. «Մենք կարծում ենք, որ ավելի ուժեղ և ավելի կայուն Հայաստան, նշանակում է՝ ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս»:

«Մենք կիսում ենք Հայաստանի ժողովրդի ապագայի տեսլականը, ցանկանում ենք, որ Հայաստանը որպես ուժեղ, անկախ պետություն իր տեղը զբաղեցնի իր հարևանների հետ խաղաղության մեջ՝ կապված տարածաշրջանի և աշխարհի հետ»,-պետքարտուղար Բլինքենի խոսքերն է ԵԽԽՎ-ում մեջբերել Գրիգորյանը:

Նա ընդգծել է, որ այս բանաձևումները լավագույնս արտացոլում են Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի տեսլականների զուգահեռումը Հարավային Կովկասի տարածաշրջանում, որտեղ Հայաստանը դիտվում է որպես ժողովրդավարական գործընկեր, և նրա ինքնիշխանությանն ու դիմակայունությանն աջակցելը օրակարգային է:

«Մեզ համար առանցքային է Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը աջակցությունը, որի նպատակն է խթանել կապն ու երկխոսությունը մեր հարևան երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ: Մենք ձգտում ենք ինտեգրել մեր նախաձեռնությունը ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարությանը»,-նշել է Հռիփսիմե Գրիգորյանը:

Նա հիշեցրել է՝ ԵՄ հանձնաժողովի նախագահը հանձնառություն է ստանձնել առ այն, որ ԵՄ-ն կհետազոտի միջսահմանային տրանսպորտը, իսկ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «աջակցում է գաղափարներին, որոնք Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության էությունն են»:

«Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Պետք է փաստեմ, սակայն, որ բանակցությունները ընթանում են դանդաղ՝ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի բացակայության հետևանքով»,-հայտարարել է պատգամավորը:

Նա նշել է՝ Ադրբեջանը խիստ քննադատության է ենթարկում ապրիլի 5-ի Բրյուսելյան հանդիպումը՝ այն անվանելով «ոչ ներառական»։ Իրականությունն այն է, որ եթե այս պատմության մեջ կա մի կողմ, որը նպաստել է ոչ ներառականությանը, ապա դա Ադրբեջանն է, որը հրաժարվել է մասնակցել անցյալ տարվա հոկտեմբերին Գրանադայում հնգակողմ բանակցություններին, մերժել է ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը Ադրբեջան՝ նախագահական ընտրություններին և այդպես շարունակ:

Պատգամավորը վերահաստատել է՝ Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերում:

«Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր գործընկերային հարաբերությունները և ազատորեն գծում է իր սեփական ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը»,-պատգամավորը մեջբերել է Բրյուսելյան հանդիպման ամփոփիչ հայտարարությունից մի հատված:

Ապա նա հավելել է. «Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին: Եկեք առաջնորդենք մեր համագործակցությունը դեպի նոր հորիզոններ»:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում