Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում

Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին 
իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության միջազգային դատարանում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Շոն Մըրֆին ՄԱԿ-ի դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ հայտարարել է, որ եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար սպառնալիք չէր հանդիսանում, ապա ինչո՞ւ 100 հազարից ավել մարդ նախորդ տարվա սեպտեմբերին լքեցին իրենց նախնիների տները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա իր ելույթում նշել է, որ դատական գործի շրջանակներում առկա ապացույցներն ուսումնասիրելով՝ ադրբեջանական ներկայացուցիչները, զարմանալիորեն, չեն կարողանում տեսնել հայ քաղաքացիական անձանց նկատմամբ ռասսայական խտրականությունը հաստատող ապացույցները։  

Անդրադառնալով հայերի նկատմամբ Ադրբեջանում տարածված հայատյացությանն ու երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայ ժողովրդի հասցեին հնչեցված հայտարարություններին՝ Մըրֆին նշել է․ «Ես չեմ քննի նախագահ Ալիևի բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչել են և, որոնք, ի վերջո, մեր ապացույցների մի մասն են: Բայց, մեր կարծիքով, այդ հայտարարությունները ցույց են տալիս ռասսայական թշնամություն կամ առնվազն այս իրավասության փուլում կարող են այդպես ընթերցվել: Օրինակ, Ադրբեջանը պնդում էր, որ նախագահ Ալիևի հայտարարությունը, թե իրենց հիմնական թշնամիները աշխարհի հայերն են, ռասսայական թշնամանքի դրսևորում չէ։ Ադրբեջանը պնդում է, որ այս արտահայտությունը բարեհաճորեն վերաբերում է Ադրբեջանին քննադատողներին կամ նրանց, ովքեր չեն սիրում Ադրբեջանը: Բայց աշխարհի հայեր արտահայտությունը, անշուշտ, չի վերաբերում կոնկրետ երկրի կամ կոնկրետ երկրի ղեկավարությանն ու նրա բանակին: Արտահայտությունն ակնհայտորեն վերաբերում է մի ամբողջ էթնիկ խմբի՝ աշխարհում որտեղ էլ որ լինի»։

Նա հավելել է, որ Ադրբեջանի կառավարությունն ընդհանուր առմամբ քարոզում և ատելություն է տարածում էթնիկ հայերի նկատմամբ: Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի  խորհրդատվական կոմիտեն չի ընդունում Ադրբեջանի մեկնաբանությունները իր կառավարության հայտարարությունների վերաբերյալ ․․․Եթե Ադրբեջանը սպառնալիք չի հանդիսանում, ապա ինչո՞ւ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100․000 էթնիկ հայ, այդ թվում՝ 30․000 երեխա, մի քանի օրվա ընթացքում փախան իրենց պապենական հայրենիքից»,- հարցադրում է արել ՀՀ ներկայացուցիչը։

Շոն Մըրֆին հավելել է, որ շատ պարզ է, որ ադրբեջանական պաշտոնյաների խոսքերը ճիշտ են ընկալվել Լեռնային Ղարաբաղի ողջ էթնիկ հայերի կողմից։ Նրանք հասկացել են, որ այդ սպառնալիքները ոչ թե ուղղված են միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին, այլ առաջին հերթին հենց իրենց։

«Այս պատճառով է, որ նրանք լքել են իրենց տները: Պատճառն այս սպառնալիքն է և դրա ստեղծած ընկալումը, որը մշակվել է տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կառավարության կողմից», - եզրափակել է Մըրֆին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am