Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Տավուշի մարզում մի խումբ բնակիչներ կրկին փակել են միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը

Տավուշի մարզում մի խումբ բնակիչներ կրկին փակել են միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի որոշ բնակավայրերի մի խումբ բնակիչներ ապրիլի 21-ին կրկին փակել են Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավելի վաղ՝ ապրիլի 20-ին, միջպետական ճանապարհը փակած  բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն:

Փակելով միջպետական ճանապարհը, նրանք իրենց բողոքն էին արտահայտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ՝ համարելով, որ դա միակողմանի զիջում է Հայաստանի կողմից։

Ակցիայի մասնակիցները պնդել են, որ պայմանավորվածության մեջ նշված հատվածներում և առաջարկվող սկզբունքներով սահմանազատման իրականացումը կարող է անվտանգային ռիսկեր ստեղծել մարզի մի շարք բնակավայրերի համար։

Արդեն ապրիլի 20-ի երեկոյան ակցիայի մասնակիցները բացել էին ճանապարհը, իսկ այսօր կրկին փակել:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։

Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։

Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են  նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: 

Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am