Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Կիրանց-Ոսկեպար հատվածի փակ լինելու պատճառով դեպի Վրաստան ավտոբուսային ուղևորափոխադրումն իրականացվել է այլընտրանքային ճանապարհով

Կիրանց-Ոսկեպար հատվածի փակ լինելու պատճառով դեպի Վրաստան ավտոբուսային ուղևորափոխադրումն իրականացվել է այլընտրանքային ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածի փակ լինելու պատճառով կանոնավոր ուղեևորափոխադրում իրականացնող ընկերություններից մեկը ստիպված է եղել փոխել հիմնական երթուղին:

Այս մասին «Արմենպրես»-ի  հետ զրույցում հայտնեցին  Հայաստանից Վրաստան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող «Ար կոմֆորտ տուրս» տրանսպորտային ընկերությունից՝ մանրամասնելով, որ  Երևան – Սևան – Դիլիջան – Իջևան – Նոյեմբերյան – Բագրատաշեն երթուղու  փոխարեն ուղևորափոխադրումն իրականացվել է այլընտրանքային ճանապարհով, որը Դիլիջանից տանում է Վանաձոր, ապա Ալավերդի՝ դուրս գալով Վրաստանի հետ սահման:

Ընկերությունից պարզաբանեցին, որ ժամանակավորապես՝ քանի դեռ փակ է ճանապարհը, և չգիտեն,  թե երբ կբացվի, կօգտվեն այլընտրանքային երթուղուց: Այս դեպքում, սակայն, չեն կարողանում ուղևորներ վերցնել հիմնական երթուղու՝ Դիլիջանից սկսած ճանապարհահատվածի  բնակավայրերից:

Տավուշի մարզի որոշ բնակավայրերի մի խումբ բնակիչներ ապրիլի 21-ին կրկին փակել են Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։ Այս մասին հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանը: Ավելի վաղ՝ ապրիլի 20-ին, միջպետական ճանապարհը փակած  բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն:

Փակելով միջպետական ճանապարհը, նրանք իրենց բողոքն էին արտահայտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ՝ համարելով, որ դա միակողմանի զիջում է Հայաստանի կողմից։

Ակցիայի մասնակիցները պնդել են, որ պայմանավորվածության մեջ նշված հատվածներում և առաջարկվող սկզբունքներով սահմանազատման իրականացումը կարող է անվտանգային ռիսկեր ստեղծել մարզի մի շարք բնակավայրերի համար։

Արդեն ապրիլի 20-ի երեկոյան ակցիայի մասնակիցները բացել էին ճանապարհը, իսկ այսօր կրկին փակել:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։

Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։

Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են  նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: 

Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am