Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի 
հիշատակին նվիրված մոմավառությանը

ԲՐՅՈՒՍԵԼ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նաիրյան ուսանողական միությունը Բրյուսելում կազմակերպել էր մոմավառություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին նախորդեց ոգեկոչման արարողություն հայկական Սուրբ Մարիամ-Մագդաղենացի եկեղեցում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխացմամբ՝ ոգեկոչման եւ մոմավառության արարողություններին ներկա էին Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, բելգիացի եւ հայ քաղաքական ու հասարակական գործիչներ։

Արտգործնախարար Հաջա Լահբիբն իր ելույթում նշեց, որ մարդկային պատմությունը նշանավորվել է ողբերգական էջերով, որոնցից մեկն էլ Հայոց ցեղասպանությունն է։ Նրա խոսքով՝ մինչ այդ օրերին Եվրոպան հազիվ փորձում էր ոտքի կանգնել աշխարհամարտից հետո, 1․5 միլիոն հայեր դատապարտվեցին ցեղասպանության, բռնագաղթի եւ սովի։ Արտգործնախարարը կարեւորեց Հայաստանի եւ հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները։ Նախարարն ուրախությամբ հիշեց եւ մեծ պատիվ համարեց անցյալ տարի Հայաստան կատարած այցը, Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը։ Նախարարը  հիշեց նաեւ Լեռնային Ղարաբաղում պայթունից տուժած արցախցիներին, որոնք իր ջանքերով բուժում ստացան Բելգիայում։

Դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ Բրյուսելում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը վկայում է Բելգիայի Թագավորության՝ համամարդկային արժեքներին նվիրվածության մասին։

«Պատմության այդ ողբերգական էջը ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլեւ համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլեւս երբեք» պատգամը։ Ցավոք, հարյուր տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունները շարունակվում են նաեւ մեր օրերում», - ասաց դեսպանը՝ համեմատություն անցկացնելով Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի  սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտման միջև։ Նա ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց պատմական հայրենիք անխափան վերադառնալու իրավունքի իրացման պաշտպանությունն ապահովելու կարևորությունը և Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականության դատապարտման անհրաժեշտությունը։

Արեւմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակի փոխանորդ, Բելգահայոց հոգեւոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանն իր խոսքում նշեց, որ Բրյուսելի սրտում գտնվող հիշատակի խաչքարը ոչ միայն անցյալն է հիշատակում, այլեւ ապագայի պատգամ է, որպեսզի քաղաքական գործիչները հիշեն ու կանխեն նման ոճրագործությունները։ Իսկ խաչքարի վրա փորագրված զանգակը, վարդապետի խոսքով, խորհրդանշում է հայ նահատակների արյունը, հիշեցնում, որ արթուն լինենք, որ նույն արհավիրքը նորից չկրկնվի։

Ապրիլի 24-ին Բրյուսելի Հենրի Միշու հրապարակում՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի կունենա ոգեկոչման արարողություն, որին ներկա կգտնվեն քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Բելգիայից և արտերկրից։ Արարողությանը կնախորդի Սուրբ նահատակներին ուղղված Բարեխոսության աղոթք և հիշատակի արարողություն։

 

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am