Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը 
հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ 109 տարի առաջ օսմանյան իշխանությունները նախ ձերբակալել և արտաքսել են Կոստանդնուպոլսից հարյուրավոր հայ մտավորականների և առաջնորդների։

«Թալեաթ փաշայի հրամանով 1915 և 1916 թվականներին մոտ 800,000-ից 1,2 միլիոն հայեր ուղարկվեցին մահվան երթերի՝ դեպի Սիրիական անապատ: Հայերի և այլ քրիստոնյա խմբերի ջարդերն ու էթնիկ զտումները շարունակվեցին մինչև 1923 թվականը: 1,5 միլիոն հայ սպանվել է օսմանցիների կողմից։ Նահատակվել են նաև այլազգի քրիստոնյաներ, ինչպիսիք են ասորիները, սիրիացիները, հույները։ Ցեղասպանության ժամանակ նահատակված հայերի քանակը կազմում էր տարածաշրջանի հայ բնակչության կեսից ավելին։ Փրկվածների մեծ մասը փախել է երկրից։ Օսմանյան կայսրությունը հիմնականում դատարկվեց քրիստոնյա բնակչությունից»,- ասված է հայտարարության մեջ:

Պատգամավորները նշում են, որ 2010 թվականի մարտին Շվեդիայի Ռիկսդագը հայտնեց կառավարությանը, որ Շվեդիան պետք է ճանաչի ցեղասպանությունը, և որ Շվեդիան պետք է աշխատի ԵՄ-ի ու ՄԱԿ-ի շրջանակներում՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

«Այսօր մենք բոլորս ոգեկոչում ենք ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը։ Շվեդիայի խորհրդարանում Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները կազմակերպում են ոգեկոչման արարողություն։ Կարևոր է հիշել և արտացոլել ու հարգել զոհերի հիշատակը։ Մենք միշտ կհիշենք և երբեք չենք մոռանա կատարվածը»,- եզրափակել են պատգամավորները։

Հայտարարության տակ ստորագրել են Բյորն Սյոդերը, Արին Կարապետը, Մարկուս Վիչելը, Մառլեն Լունդ Կոպպարկլինտը, Ֆրեդերիկ Մալմը, Էրիկ Հելսբորնը և Նիմա Ղոլամ Ալի Փուրը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am