Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան

Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն 
ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները կրկին ցույց են անցկացրել Թբիլիսիում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մանրամասնելով, որ

մի քանի հարյուր մարդ՝ հիմնականում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել  օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ։

Ցուցարարարները պարզել են Վրաստանի և ԵՄ դրոշները, ինչպես նաև օրինագիծը հետ կանչելու պահանջով պաստառներ։

Ըստ աղբյուրի՝ Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է խորհրդարանը, արգելափակված է երթևեկությունը։

Ակցիայի վայրում հերթապահություն են իրականացնում ոստիկանության ուժերը։

Մայիսի 13-ին Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։

Կանոնակարգի համաձայն՝ երրորդ ընթերցմամբ օրինագծում նախատեսվում էին խմբագրական փոփոխություններ։ Ոչ ոք խմբագրական բնույթի դիտողություններ չի ունեցել, և նախագիծը երրորդ ընթերցման համար ուղարկվել է լիագումար նիստի քննարկման։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հակառակորդները հանրահավաքներն անցկացնում են մայիսի 12-ից։ Նրանք խորհրդարանին են մոտեցել Ռուսթավելի պողոտայով և գիշերը մնացել այնտեղ, որպեսզի մայիսի 13-ի առավոտյան պատգամավորներին խանգարեն սկսել նախաձեռնության երրորդ ընթերցմամբ քննարկումն իրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Մայիսի 13-ի առավոտյան ոստիկանությունը ցուցարարներին հեռացրել է խորհրդարանի ծառայողական մուտքերից: Ձերբակալվել է 20 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի քաղաքացիներ։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Դրա դեմ հանդես են եկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք այն համարում են խոչընդոտ Եվրամիությանը հանրապետության ինտեգրման համար։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ օրինագծի նպատակը  երկրի ակտիվ քաղաքացիական հասարակության խաթարումն է:

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները պնդում են, որ օրինագիծը ծառայում է միայն ոչ կառավարական հատվածի և լրատվամիջոցների՝ արտասահմանից ֆինանսավորման թափանցիկության ապահովմանը։ Զուրաբիշվիլին ասել է, որ վետո կդնի օրինագծի վրա, եթե այն ընդունվի բոլոր երեք ընթերցումներով:

Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ օրենքի ընդունման։ Մի քանի անգամ ցույցերը վերաճել են բախումների․ Վրաստանի խորհրդարանի մոտ ցուցարարներին ցրելու համար իրավապահներն օգտագործել են արցունքաբեր գազ և ջրանետիչներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am