Միջազգային

Իսրայելի պաշտպանության նախարարն ԱՄՆ-ին հայտնել է Ռաֆահում գործողությունն ընդլայնելու պլանների մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարարն ԱՄՆ-ին հայտնել է Ռաֆահում գործողությունն ընդլայնելու պլանների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին հայտնել է Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունն ընդլայնելու պլանների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։

Կողմերը հանդիպել են մայիսի 20-ին Սալիվանի՝ Իսրայել կատարած այցի շրջանակներում։ Գալանտը տեղեկացրել է, որ Իսրայելն իր պարտքն է համարում ընդլայնել Ռաֆահում ցամաքային գործողությունը, քանի որ դա անհրաժեշտ է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը պարտության մատնելու և Գազայում պահվող պատանդներին ազատ արձակելու համար։

Գալանտը Սալիվանին հավաստիացրել է, որ Իսրայելը ջանքեր է գործադրում, որպեսզի տարհանի Ռաֆահում մնացած քաղաքացիական անձանց։ Մայիսի 6-ից ի վեր, ըստ ՄԱԿ-ի գնահատումների, Ռաֆահից տեղահանվել է ավելի քան 800 000 մարդ։

Ռաֆահը Գազայի հատվածում վերջին խոշոր բնակավայրն է, որտեղ Իսրայելը դեռ լայնածավալ գործողություններ չի անցկացրել պաղեստինյան ռազմականացված խմբավորումների դեմ: Իրավիճակը բարդանում է նրանով, որ հենց Ռաֆահում են կուտակվել բազմաթիվ տեղահանված անձինք Գազայի հատվածի մյուս շրջաններից։ Իսրայելի ռազմական հրամանատարությունը պնդում է, որ հարձակումն անհրաժեշտ է, քանի որ Ռաֆահում են գտնվում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի խոշոր ստորաբաժանումները:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ըստ Իսրայելի վերջին տվյալների՝ Գազայի հատվածում դեռ մնում է 128 պատանդ, 36 պատանդ մահացել է։

Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 35 500 պաղեստինցի է զոհվել, 80 000-ը՝ վիրավորվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում