Հասարակական

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Նիսի քաղաքապետի հետ

4 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Նիսի քաղաքապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 7-ինՀովվապետական այցով մեկնել է Ֆրանսիայի հայոց թեմ` Նիսի ծուխ: Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տ. Շահե աբեղա Անանյանն իբրև գավազանակիր և Կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը: Հայրապետական շքախմբի կազմում ընդգրկված էին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովնանյանը, Ալպ-Մարիտիմ, Վար և Մոնակո շրջանների հոգևոր հովիվ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից,Փարիզից Նորին Սրբությանն ուղեկցում էին նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան տիար Վիգեն Չիտեչյանը: Նիսում Նորին Սրբությանը դիմավորել են Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տ. Վահան եպիսկոպոս Հովնանյանը, Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը, Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս տիար Վարդան Սիրմաքեշը, ծխական խորհրդի անդամները և հավատացյալ հայորդիներ:

Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպում է ունեցել Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ: Հանդիպմանը ներկա էին քաղաքային և նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ, Նիսի հայ համայնքի շուրջ երկու հարյուր անդամներ և հրավիրյալներ: Քաղաքապետը բարիգալստյան խոսքում ողջունել է Նորին Սրբության այցը Նիս` անդրադառնալով Ֆրանիսայի և Նիս քաղաքի առաջընթացին ու զարգացմանը հայորդիների բերած մեծ նպաստին ու ներդրումին, նշելով, որ քաղաքի իշխանությունների կողմից մշտապես աջակցություն է ցուցաբերվում հայ համայնքին: Քաղաքապետն իր խոսքում դատապարտել է նաև հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու պախարակելի իրողությունը, շեշտել Հայոց Ցեղասպանության համընդհանուր դատապարտման և հատկապես Թուրքիայի կողմից ճանաչման անհրաժեշտությունը:

Վեհափառ Հայրապետն իր խոսքում գնահատանք է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին և Նիսի քաղաքապետին հայ համայնքին մշտապես սատարումի, ինչպես նաև մարդասպան հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու փաստը խստորեն դատապարտելու համար: Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել Քրիստիան Էստրոզիին նաև այն նախանձախնդիր ջանքերի համար, որ ներդրել է Ֆրանսիայի Ազգային ժողովում և իր քաղաքական գործունեության ընթացքում` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը վառը պահելու, հայ ժողովրդի ու մարդկության դեմ իրականացված այդ ոճրագործությունը դատապարտելու գործում և Հայոց Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունման գործընթացներում: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ Նիսի հայորդիները պիտի հաղթահարեն ներհամայնքային կյանքում առկա դժվարությունները` շարունակելով Նիսի ծուխում նորանոր հաջողություններ արձանագրել, քանզի աստվածսիրությունը, մեր Սուրբ Եկեղեցու կարգի ու կանոնների և սրբազան ավանդության հանդեպ հավատարմությունն ու հարգանքը մեր ժողովրդի փառքն ու հպարտությունն են, մեծ տեղ ունեն հավատավոր հայորդիների սրտում և չեն կարող ստվերվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում