Քաղաքականություն

Հունգարիայի ԱԳ նախարարը նամակ է հղել Էդվարդ Նալբանդյանին

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի ԱԳ նախարարը նամակ է հղել Էդվարդ Նալբանդյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելը ուղղված չէ հայերի դեմ, եւ այն չի կարող ընկալվել որպես վիրավորանք հայ ժողովրդի նկատմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայկոչելով հունգարական Politics.hu-ն, այս մասին Հունգարիայի ԱԳ նախարար Յանոս Մարտոնյին նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղած նամակում: Մարտոնյին շեշտել է, որ Սաֆարովի արտահանձնումը համապատասխանում է միջազգային կանոնագրերին եւ նմանատիպ դեպքերում Հունգարիայի փորձին: Նա պնդել է, որ գործարքը կրել է «զուտ իրավաբանական բնույթ»: ԱԳ նախարարն ափսոսանք է հայտնել Հունգարիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների եւ պաշտոնական կապերի կասեցնելու շուրջ:

Վերջինս նաեւ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ի կողմից գործադրվող ջանքերին` լուծելու հայ-ադրբեջանական հակամարտությունը բանակցությունների միջոցով: Եզրափակելով նամակը` ԱԳ նախարար Յանոս Մարտոնյին հայաստանցի իր գործընկերոջը հավաստիացրել է Հայաստանի հետ հետագա հարաբերություննների զարգացման Հունգարիայի անփոփոխ հետաքրքրությունը եւ ցանկությունը` կոչ անելով երկկողմ ջանքեր գործադրել` բարեկամական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: Հայաստանը կասեցրեց դիվանագիատական հարաբերություններն ու բոլոր պաշտոնական կապերը Հունգարիայի հետ:  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում