Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 3/20. «Ալքիմիկոսը» վարկանիշային աղյուսակի առաջատարն է

Երևանյան բեսթսելեր 3/20. «Ալքիմիկոսը» վարկանիշային աղյուսակի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  

Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ, երկրորդ հորիզոնականում է: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» բեսթսելերը, որ բնորոշվել է իբրև XIV դարի դեկորներում ծավալվող փիլիսոփայական կամ աստվածաբանական դետեկտիվ, միջնադարյան աշխարհն իր բոլոր շերտերով ընդգրկող հանրագիտարանի արժեք ունի և դրա հետ մեկտեղ պոստմոդեռնիստական գրականության կոթողներից մեկի համարում: Նոր «Վարդի անունը», որտեղ հեղինակը բազմաթիվ խմբագրական ու լեզվական շտկումներ է արել, ինչ-ինչ կրճատումներ, մասնավորապես լատիներեն մեջբերումների առումով, լույս տեսավ 2013-ին, և ֆրանսերենից հետո հայերենը երկրորդ լեզուն է, որով թարգմանվել է:

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ չորրորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:

Օրհան Փամուքի «Իմ անունը կարմիր է» գիրքը ևս ընդգրկվել է ցանկում: Փամուքի վեպը, հեղինակի խոստովանությամբ, իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված ինքնատիպ լուծումներով հանդերձ՝ Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ հեղինակի անսահման սերն է:

Հաջորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու` «ՄՀՄ» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն: 

«Ո՞ւր է իմ պանիրը» աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է. այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը:
Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը ութերորդն է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: 

Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը իններորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Գուրգեն Մահարու «Չարենց-նամե» ժողովածուն: Հայ գրականությունում չկան երկու այլ անուններ, որ կապված լինեն հոգեւոր և անձնական այնպիսի ամուր կապերով, ինչպես Գուրգեն Մահարին ու Եղիշե Չարենցը: Այս ժողովածուն, ընդգրկելով 1967թ. լույս տեսած «Չարենց-նամեն», էապես տարբեր է նախկինից:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +3

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Անտարես 32
2 -1

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես/Էդիթ Պրինտ 29/20
3 +6

Ումբերտո Էկո

«Վարդի անունը»

Անտարես 15
4 *

Վահան Հովհաննիսյան

«Մանդիլիոն»

Անտարես 10
5 *

Օրհան Փամուք

«Իմ անունը կարմիր է»

Անտարես 10
6 -4

Գրիգոր Նարեկացու

«Մատյան ողբերգության»

ՄՀՄ 8
7 *

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 8
8 -1

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 7
9 -6

Անրի Վեռնոյ

«Մայրիկ»

Առպրինտ 7
10 0

Գուրգեն Մահարի

«Չարենց-նամե»

Բուկինիստ 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]