Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մատենադարանը հարստացել է միջազգային ճանաչում վայելող արվեստագետների գործերով

Մատենադարանը հարստացել է միջազգային ճանաչում վայելող արվեստագետների գործերով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը վերջերս հարստացել է միջազգային ճանաչում վայելող իրանահայ հայր և որդի արվեստագետներ, լուսանկարիչ Անթուան Խան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանի բարձրարժեք աշխատանքներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեսրոպ Մաշոտցի անվան Մատենադարանից, նվիրատվությունն իրականացվել է Սևրուգյանների ժառանգորդ Էմմանուել Սևրուգյանի կողմից:

Մեկ տարի առաջ` 2014թ. սեպտեմբերին, Մատենադարանը համաձայնագիր է կնքել Գերմանիայի Դաշնության քաղաքացի 90-ամյա Էմմանուել Սևրուգյանի հետ,  ըստ որի՝ Էմմանուել Սևրուգյանը Մատենադարանին էր նվիրաբերում իր հոր և մեծ հոր կողմից որպես ժառանգություն ստացած գեղանկարների և լուսանկարների հավաքածուները, հարյուրից ավելի մեծարժեք նմուշներ:

Թե´ լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինը, թե´ նրա որդին՝ գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանը, միջազգային համբավ վայելող արվեստագետներ են: Նրանց աշխատանքները ցուցադրվում են աշխարհի ամենահայտնի թանգարաններում: Նրանց յուրօրինակ, ինքնատիպ արվեստի մասին գրվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, լույս են տեսել նրանց գործերին նվիրված մի քանի ալբոմներ:

Սա իսկապես բացառիկ արժեք ներկայացնող շքեղագույն հավաքածու է: Անդրե Սևրուգյանի ստեղծագործությունները աչքի են ընկնում փոփոխվող գույների ու երանգների հարստությամբ, կատարելության հասցված գեղեցկության, նրբագեղության և բանաստեղծական պատկերայնությամբ: Գեղանկարչի գործերի ամբողջական համապատկերը բնութագրվում է մշակութային փոխառումների և փոխազդեցությունների բազմաշերտությամբ, դրանով իսկ դիտվում և ընկալվում է համամարդկային շրջագծում, որն իր մեջ միավորում է քրիստոնեական և իսլամական արվեստի հրաշալի սինթեզը: Սևրուգյանի գործերը, հատկապես մանրանկարները, ակներևաբար իրենց վրա կրում են հին արևելյան և, մասնավորապես պարսկական մշակույթի դրոշմը: Ուշագրավ է, որ ծագումով հայ գեղանկարչը ներշնչվել է առավեալապես պարսկական պոեզիայի գագաթներից՝ Հաֆեզից, Ֆիրդուսու հռչակավոր «Շահնամե»ից, Խայամի քառյակ «ռուբաիներ»-ից և հայ հանճարեղ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի քնարեգության նուրբ լարերից: Սա, անշուշտ, հրաշալի հանդիպում է հնագույն քաղաքակրթությունների և փոխհարստացման հոլովույթում:

Իսկ ահա Անթուան Խան Սևրուգինը լուսանկարիչ է, որի բացառիկ տաղանդն ու անկրկնելի ոճը հնարավորություն են տվել նրան դառնալու Նասեր էլ Դին շահի պալատական լուսանկարիչը և դիմանկարի լավագույն վարպետներից մեկը: Նրա լուսանկարները այսօր իսկ գրավում են կատարողական արվեստով, հատկապես պահը որսալու, լույսի և ստվերի նրբերանգը սևեռելու նուրբ զգացողությամբ: Լուսանկարչի սուր հայացքը տեսել ու պատկերել է մարդուն, իրեն շրջապատող աշխարհը` այնքան հարազատ ու բնական, և զարմանալիորեն կարողացել է այդ պարզության մեջ խոր իմաստ և արտահայտչականություն տեղավորել:

Մեծարժեք այս հավաքածուները հանրությանը ներկայացնելու համար Մատենադարանի տնօրենությունը նախատեսում է մի շարք ցուցահանդեսներ, այդ թվում նաև թեմատիկ ցուցադրություններ, ինչպես նաև զույգ արվեստագետների ստեղծագործությունների գեղատիպ ալբոմների հրատարակություն: Ծրագրվում է նաև թեմատիկ սեմինար այս նյութի շուրջ:

Այս բոլորից անջատ, Մատենադարանում կարևորվում է այս հավաքածոների ամբողջական, համապարփակ ուսումնասիրումը, գիտական շրջանառության դրվելը և ուսումնասիրող-հետազոտողներին հասանելի դարձնելը:

Այցելուներին սպասվում է աննախադեպ հանդիպում և ծանոթություն հայր և որդի Սևրուգյանների հետ: Նրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ է իր ձևի մեջ, ու թեև արվեստի տարբեր ճյուղերում, նրանց միավորում է շատ կարևոր մի բան՝ գեղագիտական, այսպես ասած՝ բանաստեղծական մոտեցումը մարդու և աշխարհի հանդեպ:      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]