Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փորձագետները չեն բացառում, որ Թուրքիան կրակահերթերը կուղղորդի դեպի Հալեպի քրիստոնեական թաղամասեր

Փորձագետները չեն բացառում, որ Թուրքիան կրակահերթերը կուղղորդի դեպի 
Հալեպի քրիստոնեական թաղամասեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիան հայտնվել է փակուղային իրավիճակում: Սիրիական խնդրի հետ կապված Թուրքիայի հաշվարկները, ծրագրերը ձախողվում են, որը լրջորեն անհանգստացնում է Անկարային: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Ըստ նրա, այդ անհանգստությամբ պայմանավորված էլ Թուրքիան սկսել է հրետանային հարվածներ հասցնել Սիրիայի քրդերի դիրքերին:

«Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները նաև շանտաժի տարրեր են  պարունակում: Սրանք քայլեր են` ուղղված ԱՄՆ-ի դեմ: Սրանով Թուրքիան փորձում է ցույց տալ ԱՄՆ-ին, որ Սիրիայի քրդերի հետ կապված տարաձայնություններ կան, բայց նույնիսկ ԱՄՆ-ի հետ չհամընկնող դիրքորոշումներ ունենալու պարագայում կարող է նման գործողությունների գնալ»,-ասաց Լևոն Հովսեփյանը:

Թուրքագետը նկատեց, որ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները չեն բխում Թուրքիայի շահերից: Մտավախություն կա, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են համաձայնության գալ Սիրիայի հարցի հետ կապված, և, այդ պարագայում, Թուրքիան կմնա խաղից դուրս:

«Ուստի Անկարան, տարբեր միջոցներ օգտագործելով, փորձում է ինչ-ինչ խնդիրներ լուծել: Առաջին քայլը Սիրիայի քրդերի դեմ հրետակոծություններն էին: Տեսնում ենք, որ  գնալով Թուրքիայի շուրջ օղակը սեղմվում է և նա կարող է անկանխատեսելի գործողությունների դիմել: Ի վերջո, Թուրքիան այս տարիների ընթացքում հսկայական ռեսուրսներ է ներդրել և հիմա ինքը ձախողման եզրին է: Անկարան երկընտրանքի առաջ է կանգնած: Կամ գնալ ցամաքային գործողությունների կամ սպասել: Երկուսի պարագայում էլ հետևանքները Թուրքիայի համար ծանր են»,-ավելացրեց թուրքագետը:

Սիրիայում կրակի դադարեցման մասին Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ձեռքբերված համաձայնությունը նմանվում է չար կատակի: Այս մասին նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Տեսնում ենք, որ թեժ մարտեր են տեղի ունենում Սիրիայում: ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, ՌԴ-ն շարունակում են օդային ավիահարվածները, կառավարական ուժերը առաջ են շարժվում: Անկարան, Սաուդյան Արաբիան ակտիվություն են դրսևորում, հայտարել են, որ պատրաստ են ցամաքային գործողությունների, արդեն զորավարժություններ են տեղի ունենում: Այնպես որ, մեծ հաշվով կրակի դադարեցում չկա»,-ասաց արաբագետը:  

Սարգիս Գրիգորյանը նկատեց, որ այս իրավիճակում նաև դրական միտում է նկատվում: Այս զարացումները լույս են սփռում Սիրիայում տեղի ունեցող այն խորքային գործընթացների վրա, որոնք իրականում կան: «Ճիշտ է միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացել է «Իսլամական պետության» վրա, բայց այնտեղ կռվում են այնպիսի խմբավորումներ, որոնք չեն զիջում «Իսլամական պետությանը»: Այս վերջին զարգացումները դրդեցին, որ այդ ուժերի հետևում կանգնած Թուրքիան ու Սաուդյան Արաբիան ակտիվ հայտարարություններով հանդես գան և որոշակի քայլեր ձեռնարկեն: Պատահական չեն տեղեկությունները, որ Թուրքիայից մեծ քանակի զինամթերք է բերվում Սիրիա»,-ավելացրեց Սարգիս Գրիգորյանը:

Արաբագետն ընդգծեց, որ Թուրքիայի գործողությունների թիրախում հնարավոր է թիրախ դառնա նաև Սիրիայի հայկական համայնքը: Չի բացառվում, որ Թուրքիայի ուղղորդմամբ կրակահերթերն ուղղվեն դեպի Հալեպի քրիստոնեական թաղամասեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]