Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արծրուն Հովհաննիսյանն Ադրբեջանում կամավորների հավաքագրումը ցուցադրական ու ծիծաղելի է համարում

Արծրուն Հովհաննիսյանն Ադրբեջանում կամավորների հավաքագրումը ցուցադրական ու 
ծիծաղելի է համարում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից բանակում ծառայության անցնելու համար կամավորականների հավաքագրումն առանձնահատուկ նշանակություն չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ դա արվում է ցուցադրականության շրջանակներում: «Ադրբեջանը անցած օրերին համառորեն ինչ-որ բաներ էր ցանկանում ցույց տալ՝ մեկ իրենց զինապահեստներն էին ցույց տալիս, մեկ՝ զենքերը:  Չի բացառվում, որ այդ շրջանակներում է արվում այս ամենը»,- ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության այս քայլը ծիծաղելի է համարում այն առումով, որ նրանք նախկինում հայտարարում էին, թե կամավորների հավաքագրելու խնդիրներ չունեն: «Սա մի փոքր ծիծաղելի է այն առումով, որ եթե զինադադար է, եթե ի սկզբանե ասում էին, որ որևէ խնդիր չունեն, ապա ի՞նչ կարիք կա կամավորների հավաքագրել: Մենք, օրինակ, ի սկզբանե հենց առաջին օրվանից հավաքագրել ենք ու չենք թաքցրել: Նույնիսկ ինչ-որ պահի ասել ենք, որ այլևս չգան, որովհետև իսկապես շատ էին գալիս, սակայն տվյալ դեպքում իրենց արարքն անհասկանալի է: Նախկինում ինչ խաղ էին խաղում, հիմա ինչ խաղ են խաղում, միմյանց հետ չի համընկնում»,- եզրափակեց Հովհաննիյսանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սահմանել է երկրի զինված ուժերում կամավոր ու հրատապ ծառայության անցնելու կարգը: Նախարարությունը հաղորդել է, որ հաշվի առնելով զինված ուժերում ծառայության անցնելու ցանկություն հայտնողների մեծ թիվը, սահմանվել է ընթացակարգը: Նշվում է, որ հրատապ ծառայության անցնել ցանկացողները կարող են դիմել այն զորամասի հրամանատարությանը, որտեղ ցանկանում են ծառայել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am