Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՃՇՀԱ համալսարանին կից դպրոցի աշակերտները կրկնուսույցի կարիք չեն զգում

ՃՇՀԱ համալսարանին կից դպրոցի աշակերտները կրկնուսույցի կարիք չեն զգում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին կից գործող Մանուկ Աբեղյանի անվան ավագ  դպրոցն իրականացնում է նախապատրաստական լուրջ գործընթաց` օգնելով երեխաներին ստանալ մասնագիտական նախնական գիտելիքներ և ընդունվել բուհ առանց կրկնուսույցի: Այստեղ աշակերտները հիմնականում գալիս են նախապես կողմորոշված լինելով ապագա մասնագիտության ընտության հարցում: Դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ավելի մանրամասն է ներկայացրել իրենց գործունեությունը և ծրագրերը:

-Կպատմե՞ք դպրոցի բաժինների և առանձնահատկությունների մասին:

-Դպրոցը հիմնադրվել է 2012 թ., որպես համալսարանին կից, սակայն այս դպրոցը որպես այդպիսին հին ավանդույթներ ունեցող ֆիզիկամաթեմատիկական ուղղվածության դպրոց է եղել, որում, ի դեպ, աշակերտել է երջանկահիշատակ վարչապես Անդրանիկ Մարգարյանը: Մեր դպրոցում գործում են բնագիտամաթեմատիկական և հումանիտար հոսքերն իրենց ենթաբաժիններով, որոնցից մասնավորապես կառանձնացնեի ճարտապետության և դիզայնի բաժինը։ Ըստ էության` այս բաժինները մեր դպրոցի գլխավոր առանձնահատկությունն են, ինչը բնական է։ Մեր դպրոցը մշտապես գտնվում է ՃՇՀԱՀ-ի ուշադրության կենտրոնում, և մեր բոլոր ծրագրերը կազմում ենք նաև համատեղ քննարկումների արդյունքում։ Հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ բացի հիմնական հանրակրթական առարկաներից կազմակերպվում են լրացուցիչ պարապունքներ` գծագրություն և նկարչություն, մաթեմատիկա և ֆիզիկա  առարկաների մասով, որոնք իրականացնում է համալսարանի բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմը։ Սա շատ կարևոր գործընթաց է, քանի որ նախապես շփում է ստեղծվում ապագա ուսանողի և դասախոսի միջև, իսկ դասախոսների ներդրումը մեր աշակերտների  մտածողության զարգացման հարցում ևս բացառիկ նշանակություն ունի։ Բացի նշվածից, մեր աշակերտները նախարարության կողմից երաշխավորված ծրագրով ըստ հոսքերի ուսումնասիրում են գծագրություն, նկարչություն և մնացած մյուս առարկաները։

- Դպրոցում կա՞ն ուրիշ առավելություններ:

-Մեր դպրոցը կարևոր նշանակություն է տալիս գործնական պարապմունքներին և այդ տեսանկյունից համալսարանը առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում լաբորատորիաների ստեղծմանը։ Այս պահին մեզ մոտ գործում են ֆիզիկայի,  քիմիայի, աշխարհագրության և կենսաբանության լաբորատորիաները, նկարչության ու գծագրության կաբինետներ` հագեցած անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով: Ի դեպ, մեր աշակերտները լիարժեք օգտվում են նաև համալսարանի լաբորատորիաներից և նկարչության արվեստանոցներից։ 10-րդ դասարանից, որպես երրորդ օտար լեզու  լրացուցիչ պարապմունքներ են կազմակերպվում  նաև  ֆրանսերենից։Քանի որ համալսարանը  ֆրանկոֆոն համալսարանական գործակալության ասոցատիվ անդամ է, ապա ոչ միայն բուհում, այլև դպրոցում կարևորում ենք ֆրանսերենի ուսուցումը։ Այս գործընթացն իրականացվում է մեր համալսարանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ։ Ծրագրի շրջանակներում գործում է ֆրանսերեն լեզվի և ժամանակակից քաղաքակրթության կաբինետ. դասընթացն իրականացնում է Ֆրանսիայից ժամանած մասնագետը:

-Իսկ քանի՞ աշակերտ է սովորում դպրոցում:

-Ավագ դպրոցում այժմ սովորում է 480 աշակերտ, այս տարի կա 221 շրջանավարտ: Աղջիկների ու տղաների թիվը գրեթե հավասար է, և կան նաև աշակերտներ Հայաստանի տարբեր քաղաքներից` Արմավիրից, Չարենցավանից, Էջմիածնից և այլն:  

-15-16 տարեկանում երեխաներին դժվար չէ՞ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:

-Ավագ դպրոցը երեխային տալիս է ընտրության հնարավորություն։ Ծնողը, հաշվի առնելով  իր երեխայի կարողությունները,  պետք է  կատարի մասնագիտական ընտրություն։ Երբեմն, իհարկե, ծնողներն ուզում են, որ երեխան  գնա մի հոսք, բայց աշակերտն ավելի հակված է սովորել մյուս հոսքի առարկաները: Նման դեպքերում մենք բացատրական աշխատանք ենք տանում ծնողի հետ, եթե նա համաձայնում է մեր փաստարկների հետ, ապա ըստ գործող կարգի` աշակերտը փոխում է հոսքը։

-Ճարտարապետության և դիզայնի նկատմամբ հետաքրքության աճ կամ նվազում նկատվո՞ւմ է:

-Այդ առարկաների նկատմամբ հետաքրքրությունը միանշանակ աճում է: Ճարտարապետության և դիզայնի բաժիններում աշակերտներն ամենաշատն են` կա 3 դասարան: Այս մասնագիտությունները պահանջված են և այդ տեսակետից այժմ այն համարվում է շահութաբեր։ Բնականաբար ծնողներից շատերը ցանկանում են իրենց երեխաներին տեսնել այս ոլորտում: Առհասարակ, այդ առարկայով հետաքրքվող երեխաները շատ ստեղծագործող են և իրենց տարիքին ոչ համապատասխան հասուն մտածելակերպ ունեն, ինչը հեշտացնում է նրանց հետ աշխատանքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]