Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արագ փոխակերպման» վարպետներ Սոս և Վիկտորիա զույգը ելույթ կունենա նաև Հայաստանում

«Արագ փոխակերպման» վարպետներ Սոս և Վիկտորիա զույգը ելույթ կունենա նաև 
Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրկեսի բացման հանդիսավոր արարողությանը Երևանում հետաքրքիր և զարմանալի ելույթով հանդես կգա Գինեսի ռեկորդակիր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, կրկեսային արվեստի երկրպագուների սիրտը նվաճած Սոս և Վիկտորիա զույգը:

«Արմենպրես»-ը զրուցեց Սոս Պետրոսյանի հետ:

-Չեմպիոններ եք: Բազմաթիվ մրցանակների դափնեկիրներ: Ինչպե՞ս նվաճեցիք նման բարձունքներ:

-Հայրս աճպարար է. մեծացել եմ կրկեսային մթնոլորտում և աճպարարական հիմնային գիտելիքներ, հմտություններ  ստացել հորիցս: Վաղ հասակում հանդես եմ եկել բազմաթիվ կրկեսային համարներով. անգամ ֆիլմում եմ նկարահանվել: 90-ականներին մեկնեցի Եվրոպա, և ամեն ինչ զրոյից սկսվեց: Ծանոթացա ապագա կնոջս՝ Վիկտորիայի հետ: Բազմաթիվ դժվարություններ ենք հաղթահարել նախքան հաջողությունների հասնելը: Ներկայումս 120 վայրկյանում Վիկտորիան հասցնում է 16 զգեստ փոխել, իսկ 60 վայրկյանում 12: Այսպիսով,  հայտնվեցինք Գինեսի ռեկորդների գրքում: «Աճպարարների աշխարհի չեմպիոնատին» չորս անգամ ներկա ենք եղել, որպես հատուկ հյուրեր: Մեր ձեռքբերումների մեջ մեծ դեր է խաղացել հայրս՝ Սոս Պետրոսյանը: Նա միշտ ասում է, որ նպատակին հասնելու համար պետք է պայքարել: Արդեն 26 տարի ապրում ենք Եվրոպայում, սակայն մինչ օրս «մեզ մոտ» ասելով՝ նկատի եմ ունենում Հայաստանը: Տպավորություն ունեմ, որ եկել եմ Եվրոպա աշխատանքի և շուտով վերադառնալու եմ հայրենիք:

-Ձեր համարները շատ դինամիկ են, տպավորիչ: Բեմադրություն անելիս հատկապես ինչի՞ն եք ուշադրություն դարձնում:

- Մենք անում ենք ամեն բան, որ մեզ դիտողը վայելի իր երեկոն, գեղագիտական հաճույք ստանա մեր համարներից: Գերնպատակը հանդիսատեսին զարմացնելը չէ: Շատ աճպարարներ, հայտնվելով բեմում, հաճախ ձգտում են իրենց գերազանցությունը ներկայացնել: Բայց չէ՞ որ մենք յուրովի խաբում ենք հանդիսատեսին, իսկ մարդիկ չեն սիրում խաբված լինել: Կյանքում միշտ շահում են նրանք, ովքեր միջավայրի վստահությունն են վայելում: Եթե աճպարարը շահի հանդիսատեսի վստահությունը, կարող է իրեն հաջողակ համարել: Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում:

-Երկա՞ր ժամանակ եք տրամադրում փորձերին: Կա՞ հավանականություն, որ ինչ-որ բան չի ստացվի:

- Հաճախ ելույթ ենք ունենում անհարմար՝ շատ փոքր բեմերում, ինչն էլ կրճատում է մեր հնարավորությունները: Փորձը հնարավորություն է տալիս հաղթահարել նաև այդ անջրպետը: Միշտ էլ վախ կա, որ ինչ-որ բան գուցե այն չլինի, բայց մենք շատ ենք աշխատում, որ խնդիրներ չառաջանան: Ունենք համարներ, երբ Վիկտորիան սեղանի վրա է հագուստները փոփոխում: Մի քիչ բարդ է, բայց հնարավոր:

-Բացահայտու՞մ եք ձեր աճպարարական գաղտնիքները:

-Արդեն երեք գիրք եմ գրել: Առաջինը՝ 2007թ.: Գրքերում մենք կիսում ենք մեր գաղտնիքները: Ես և Վիկտորիան «Quick change»՝ արագ փոխակերպում ժանրում  բազմաթիվ տեխնիկաներ ենք մշակել, որոնք ավելի են արագացնում, հեշտացնում մեր աշխատանքը: Տեխնիկաներին տիրապետելով՝ աճպարարը վստահ և հաճախ անպարտելի է դառնում բեմում: Գիրքը ոչ միայն աճպարարներն են գնում, այլև ֆիլմարտադրողները, պարուսույցները, ովքեր ավելի հետաքրքիր, յուրօրինակ համարներ են բեմադրում:

-Համարներում ներկայանում եք էլեգանտ, շքեղ հագուստներով: Երբևէ փորձե՞լ եք բեմադ         րություն անել առօրյա հագուստով:

-Նման համարներ արել ենք, բայց հասարակությունը ուզում է բեմում ոչ ամենօրյա բան տեսնել: Մարդիկ գալիս են ներկայացումների լավ ժամանակ անցկացնելու համար: Նախկինում, երբ ծանոթանում էի տարբեր դիզայներների աշխատանքներին, հարց էր առաջանում, թե որտեղ կարելի է կրել այդ էլեգանտ, երբեմն տարօրինակ հագուստները: Հիմա մենք նման հագուստներ ենք ցուցադրում մեր բեմադրություններում: Կարծում եմ՝ տարիքն էլ կապ ունի: Տղաս համարներից մեկում ջինսե տաբատներ է փոխում, և շատերին է դա դուր գալիս, բայց եթե մենք անենք այդ նույնը, կարծում եմ այն չի լինի:

-Համագործակցել ե՞ք հայտնի դիզայներների հետ:

- Մենք ինքներս ենք  ձևավորում մեր հագուստները, սակայն վերջերս աշխատեցինք հայտնի դիզայներ Ժան-Փոլ Գոթյեի հետ: Նա այնպիսի հագուստներ է ստեղծում, որոնք և՛ գեղեցիկ են, և՛ թրենդային:

-Հնարավորություն եք ունեցել առնչվելու աշխարհահռչակ աճպարար Դեյվիդ Կոպերֆիլդի հետ: Կպատմե՞ք ձեր հանդիպաման մասին:

- Տղաս՝ երրորդ Սոս Պետրոսյանը, նույնպես աճպարար է: Երբ մասնակցել է ռուսական «Փառքի րոպե» նախագծին, Միխայիլ Գորբաչովը նրան անվանել է երկրորդ Դեյվիդ Կոպերֆիլդ: Կոպերֆիլդը լսել էր այդ պատմությունը:  Ավելի ուշ հեռուստատեսային նախագծերից մեկում Սոսն առաջին տեղը զբաղեցրեց: Հանճարեղ աճպարարը Սոսին հրավիրեց Լաս Վեգաս. մեկ օր աշխատեցին միասին: Այնուհետև Կոպերֆիլդը մեր ընտանիքին հրավիրեց իր ներկայացումներից մեկը դիտելու և լավագույն տեղերը հատկացրեց: Շոույից առաջ նրա  պրոդյուսերը մեզ զանգեց և ասաց.«Զգույշ եղի՛ր, քանի որ Կոպերֆիլդը միկրոֆոններ է դնում այդ տեղում, որպեսզի իմանա, թե իր հատուկ հյուրերը ինչ են խոսում իր մասին»: Ներկայացման ամբողջ ընթացքում ես, Վիկտորիան, Սոսը և մյուս տղաս՝ Տիգրանը, անդադար գովում էինք Կոպերֆիլդին: Իրականում անկեղծ էինք. նա մեզ իսկապես ապշեցրեց: Նրա ամեն քայլը մտածված էր: Նրա յուրաքանչյուր համարը մի ամբողջ պատմություն է: Հատկապես տպավորիչ է թիթեռի համարը: Երբ պատմության վերջում թիթեռնիկը կենդանանում է, հանրությունն արտասվում է, կամ երբ Կոպերֆիլդի ձեռքերում ձյուն է հայտնվում: Նա հիանալի աճպարար է:

- Երևանում հաջորդ տարի նախատեսված է կրկեսի նոր շենքի բացումը: Մտածե՞լ եք ներկայացմամբ հանդես գալ Հայաստանում:

- Ներկայումս իմ սեփական նախագիծն եմ իրականացնում: Այն կոչվում է «Wizard Trophy», որն աշխարհի ամենամեծ աճպարարական փառատոնն է: Փառատոնը 3 օր է տևում: Ճանաչված 20 աճպարարներ իրենց լավագույն համարներն են ներկայացնում և զարմացնում հանրությանը: Ժյուրիի 5 անդամ ընտրում է լավագույնին, որին էլ հանձնվում է  «Golden Wizard» մրցանակը: Անցյալ տարի փառատոնն  անցկացրել ենք Յուրմալայում, երկու անգամ հյուրընկալվել ենք Մոսկվայում: Հրավերներ ունենք Կազանից, Սանկտ Պետերբուրգից, Սոչիից, Բրազիլիայից: Այժմ բանակցում ենք Լոնդոնում փառատոնն անցկացնելու նպատակով: Գերմանիայում միջոցառումներին ներկա էին տարբեր քաղաքական գործիչներ, Արթուր Աբրահամը, Վիտալի Կլիչկոն և այլ հայտնի մարդիկ: Շատ կցանկանայի նախագիծն անցկացնել Հայաստանում և վառ, անկրկնելի տպավորություններ պարգևել հայ հանդիսատեսն: Կրկեսի բացումը մեզ շատ է ոգևորում: Հայաստանցի հանդիսատեսի առաջ հանդես կգանք մեր լավագույն համարներով:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]